Ուկրաինայի և ՌԴ-ի միջև զոհված զինծառայողների մարմինների փոխանակման մեկնարկը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Ուկրաինան շարունակում է նախապատրաստել փոխանակումը՝ չնայած Մոսկվայի ճնշմանը, Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը, հայտնում է РБК-Украина-ն։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան բախվում է տեղեկատվական ճնշման և ՌԴ-ի կողմից փոխանակման գործընթացի պարամետրերը միանձնյա թելադրելու փորձերի։ Բուդանովը հայտարարել է, որ ում, երբ և ինչպես փոխանակելու հարցը չպետք է լինի որևէ մեկի միանձնյա որոշումը, իսկ ճնշումներն ու մանիպուլյացիաներն այստեղ անթույլատրելի են։
«Հատկապես ցինիկ են հնչում որոշ ռուսաստանյան քարոզիչների՝ մարդկային վշտի շահարկման փորձերը, որին իրենք էլ հենց մեղսակից են։ Առավել ևս՝ Սուրբ Երրորդության մեծ տոնին, որն այսօր նշում ենք», - նշել է Բուդանովը։
Ըստ ՀԳՎ պետի, Համակարգող շտաբն աշխատում է փոխանակման կազմակերպման ուղղությամբ, որը հիմնված է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
«Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքներով հայրենադարձության միջոցառումների մեկնարկը նախատեսված է հաջորդ շաբաթ, ինչի մասին լիազորված անձինք տեղեկացվել են դեռևս երեքշաբթի օրը։ Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի՝ չնայած թշնամու կեղտոտ տեղեկատվական խաղին», - հավելել է նա։