Foto

Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող է

Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված երիտասարդներից մեկը`  Անդրեյ Գյագունցը (ծնված 13.01.2008թ.), Գորիսի գյուղատնտեսական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող է:

«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող՝ Անդրեյ Արմենի Գյագունցը, որոշ հանգամանքների բերումով հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
 
Այս լուրը խոր անհանգստություն և ցավ է առաջացրել ինչպես մեր ուսումնական հաստատության, այնպես էլ ուսանողի ընտանիքի, ընկերների և ողջ համայնքի շրջանում։ Մենք կիսում ենք նրանց ապրումները՝ ցավը դարձնելով ընդհանուր, իսկ հույսը՝ միավորված։
 
Անդրեյ Գյագունցը մշտապես աչքի է ընկնում իր բարությամբ, համեստությամբ և պատասխանատվությամբ։ Վստահ ենք՝ այս փորձությունն էլ նա կհաղթահարի և կվերադառնա անվտանգ՝ համարժեք պատասխան տալով մեր բոլորի սպասումով լի աչքերին։
 
Տեղեկացնում ենք, որ համապատասխան պետական և միջազգային կառույցները ներգրավված են գործընթացում՝ ուղղված նրա հնարավորինս արագ և ապահով վերադարձին։
 
Քոլեջն ուշի ուշով հետևում է պատկան մարմինների գործունեությանը և հայտնում իր խորին աջակցությունը»,– ասված է  քոլեջի հայտարարության մեջ։։