Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հունիսի 4-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը: Հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռիա Նովոստի գործակալությանը։
«Սերգեյ Շոյգուին ընդունել է ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ Զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ընկերական փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել են տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրության և Կորեական թերակղզում տիրող իրադրության վերաբերյալ», - հայտնել է Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը։