Վարչապետի տիկին Աննա Հակոբյան գրել է.
««Վերջին օրերին հետևում էինք սոցիալական մեդիայում ձեր գրառումներին։ Չե՞ք կարծում, որ ատելության խոսքը, առանց այդ էլ, շատ տարածված է, և այդ ամենին նման հայհոյախառը վիրավորանքներով պատասխանելով` շատ պայթյունավտանգ վիճակ եք ստեղծում (…) որքանո՞վ են դրանք համադրվում «Կրթվելը նորաձև է» շարժմանը»:
Վանաձորում «Կրթվելը նորաձեւ» է բանախոսության ժամանակ այսպիսի հարց ուղղեց լրագրող Կարինե Սիմոնյանը։
Լավ հարցեր է, իհարկե, որն առաջին իսկ պահից ինձ ուղղվում է նույնիսկ որպես հորդոր.
Դուք մնացեք ձեր բարձունքում, մի ցածրացեք, մի իջեք այդ մակարդակին, որպես երկրի ղեկավարի տիկին օրինակ ծառայեք, նպաստեք մթնոլորտի առողջացմանը, ատելության խոսքը մեր միջավայրում արմատախիլ անելուն եւ այլն, եւ այլն։
Սիրելինե՛րս,
Անցած ողջ պրոցեսը «Կրթվելը նորաձեւ» է շարժման մի մասն էր եւ հետապնդում էր հենց ձեր իսկ նշած նպատակները՝ վերջ դնել հանրային խոսքի անթույլատրելի ցածր դրսեւորումներին, ատելության խոսքին, բռնության խոսքին, սեքսիստական խոսքին, կանանց թիրախավորմանը։
Ինչո՞ւ ընտրեցի այդ ճանապարհը։ Արդյո՞ք նյարդերս տեղի տվեցին, չարացա՞, կամ որեւէ այլ բա՞ն կատարվեց։ Իհարկե՝ ոչ։ Պարզապես ժամանակը ցույց տվեց, որ այլ ճանապարհ չկա։ Այդ նպատակին հնարավոր չեղավ հասնել ո’չ բարձրում մնալով, ո’չ օրինակ ծառայելով, ո’չ մեղմ ձեւակերպումներով, ո’չ կոչերով։
Պարզվեց, որ մեր միջավայրը ապականող մարդիկ մեր պատկերացրածից շատ ավելի ներքեւում են գտնվում, անքան ցածրում, որ իմ ձայնը նրանց չէր հասնում՝ լսելի չէր, իմ օրինակը նրանց չէր հասնում՝ տեսանելի չէր։ Ստիպված էի իջնել, իջնել, իջնել, այնքան իջնել, մինչեւ հասնեի նրանց, զուտ միայն նրա համար, որ ձայնս լսեին։ Ստացվե՞ց դա ինձ մոտ։ Իհարկե, ստացվեց։ Լսեցի՞ն։ Իհարկե, լսեցին։
Ես ո՛չ միայն ձայնս հասանելի դարձրեցի։ Ես իմ ձե՛ռքն եմ մեկնում նրանց, որպեսզի օգնեմ վերեւ բարձրանալ։ Եթե չուզեն, նախընտրեն ցածում մնալ, իրենց իրավունքն է, ոչինչ չենք կարող անել, ընտրությունն իրենցն է։
Բայց… Պետք է լուռ մնան։ Շը՛շշշշ։
Իսկ եթե նրանց համար կարեւոր է չլռելը, իրենց տեսակետն ու մոտեցումներն արտահայտելը, ընդդիմադիր լինելը, շատ ավելի ողջունելի։
Միայն թե մեր միջավայրում խոսելու համար պետք է կրթվել։
Պետք է բարձրանալ հատակից»։