Շվեդիան համաձայնության է եկել Էստոնիայի հետ բանտարկյալների համար բանտային տեղեր վարձակալելու վերաբերյալ։
Այս մասին հայտնել է շվեդական SVT հեռուստատեսությունը։
«Շվեդիայում դատապարտված շուրջ վեց հարյուր բանտարկյալ կարող է տեղափոխվել Տարտուի բանտ՝ իրենց պատիժը կրելու համար, ինչը կթեթևացնի շվեդական բանտերի գերհագեցածությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի արդարադատության նախարար Գունար Շտրյոմերը։
Նրա խոսքով՝ Էստոնիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերաբերում է հատկապես Տարտու քաղաքի բանտին, որն այս դեպքում ամբողջությամբ կփոխանցվի Շվեդիայի տնօրինությանը։
Նշվում է, որ բանտն ունի 400 խուց, որտեղ կարող է տեղավորվել 600 բանտարկյալ։ Տարածքը կհամապատասխանի նույն չափանիշներին և կունենա նույն սարքավորումները, ինչ շվեդական բանտերի խցերը:
Պայմանագրի համաձայն՝ տեղում կգործի Էստոնիայի օրենքը, սակայն որոշ բացառություններով, օրինակ՝ արտաքին աշխարհի հետ շփման մասով։ Նախարարի խոսքով՝ Էստոնիայում ազատազրկումը հնարավորինս նման կլինի շվեդական բանտարկությանը։
Շվեդիայի բանտերի և պրոբացիոն ծառայության աշխատակիցները տեղում կլինեն՝ ապահովելու, որ պատիժները կատարվեն համաձայնագրին համապատասխան:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շվեդական իշխանությունները ամսական մեկ բանտի համար կվճարեն 8500 եվրո, ինչը համեմատելի է Շվեդիայի համապատասխան ծախսերի հետ։