Foto

Exclusive Վաչե Երիցյանի ու Սրբուհի Բալայանի սիրո պատմությունն ու առաջին ֆոտոշարքը հարսանիքից

Այսօր դերասաններ Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանն ամուսնացան։ Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 

Զույգն իրենց սիրո պատմությունն ու էքսկլյուզիվ լուսաբանումը վստահել է Tert.am Life-ին:

Ինչպե՞ս յուրահատուկ արտաքինով ու գունավոր նասկիներով Վաչեն, ում ամեն առավոտ Սրբուհին հանդիպում էր ինստիտուտ մտնելիս, սիրահարվեց ու Սրբուհուն անակնկալ առաջարկ արեց ինքնաթիռում: Ինչո՞ւ են մինչ օրս վիճում, թե ո՞վ է ում առաջինը սիրահարվել, ինչո՞ւ 2 տարի համատեղ ապրելուց հետո զույգը որոշեց հարսանիք անել ու հենց մայիս ամսին...

Մտածում էի՝ «լավ, էս տղան ի՞նչ է մտածում, որ գունավոր նասկիներ է հագնում...

«Մենք ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում՝ ամենագեղեցիկ ու մինևնույն ժամանակ ամենաանհասկանալի պայմաններում։ Ես միշտ, երբ մտնում էի ինստիտուտ, տեսնում էի նրան կանգնած, ինքն էլ շատ հետաքրքիր ու տարբերվող արտաքին ուներ, միշտ հագնում էր գունավոր նաստիկներ, ես մտածում էի՝ «լավ, էս տղան ի՞նչ է մտածում, որ գունավոր նասկիներ է հագնում»... ու միշտ նայում էի դեմքին ու գնում... Ինստիտուտում սրճարանի նման տեղ կար, միշտ գնում էինք այնտեղ, նստում ու ուղղակի երկար զրուցում էինք, ես երբեք չէի մտածում, որ ինչ -որ բան կարող է լինի մեր մեջ, որովհետև մենք ծայրահեղ տարբեր մարդիկ ենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սրբուհի Բալայանը:

Վաչեն ասում է, որ ես եմ առաջինն իրեն սիրահարվել ու միշտ վիճում ենք...

Առաջին քայլն արեց Վաչեն, բայց զույգը մինչ օրս վիճում է այն հարցի շուրջ, թե ով է առաջինը սիրահարվել: «էս հարցի շուրջ միշտ վեճ ենք ունենում: Վաչեն միշտ ասում է, որ ես եմ առաջինն իրեն սիրահարվել, բայց անկեղծորեն դա էդպես չի եղել: Առաջինը վստահաբար Վաչեն է սիրահարվել ու ես այդքան համաձակ չեմ, մինչև ինձ չսիրահարվեն, ես չեմ համարձակվի սիրահարվել»,- վստահեցրեց Սրբուհին:

Զարմացա, թե ինչու այդքան մարդկանց մեջ Վաչեին զգուշացրեցին, որ 10 րոպեից մեր թռիչքն է

Վաչե Երիցյանի սիրո անակնկալ առաջարկությունն ինքնաթիռում օրեր շարունակ քննարկվեց համացանցում, թեև Վաչեն չէր ուզում, որ այն հանրայնանա: «Մեր նշանադրությունը տեղի ունեցավ ինքնաթիռի մեջ: Երբ միասին գնում էինք ուղևորության, ես գիտեի, որ ինչ-որ մի բան լինելու է, ինքը չէր էլ թաքցնում:

Քանի որ ամբողջ ճանապարհին ասում էր՝ դու ամենաշատը կսիրես Լուվրը, ինձ թվում էր հենց Լուվրում է անելու առաջարկություն: Բայց ես անգամ գեղեցիկ զգեստ չէի վերցրել ինձ հետ: Վաչեն գրել էր տվյալ ավիաընկերությանը, ասել էր, որ ուզում է առաջարկություն անել ինքնաթիռի մեջ: Ես հետո իմացա: Իրեն շատ լավ դիմավորեցին, ես տեսա, որ կանգնած խոսում է բորդուղեկցորդուհու հետ, ինձ ասաց՝ «թույլ են տվել, որ մտնեմ խցիկ, դու կգաս, որ ինձ նկարես»:

Ու ես զարմացա, թե ինչու այսքան մարդկանց մեջ միայն Վաչեին են զգուշացնում, որ 10 րոպեից մեր թռիչքն է: Ու հետո անգլերենով ինչ- որ բան են հայտարարում, ականջիս ծայրով լսում եմ՝ Վաչե... ու ոչինչ չեմ հասկանում: Վաչեն ուզում էր, որ ես ինքս լսեմ, թե ինչպես է օդաչուն հայտարարում, որ շուտով քո ամուսնությունն է, բայց ես անգլերեն բացարձակ չեմ հասկանում, կիսաքնած ու ճմրթված դեմքով նստած եմ: Երբ Վաչեն գնաց, որ իբրև մտնի խցիկ, հետևից արագ գնացի, որ նկարեմ, ու հանկարծ պտտվեց մատանիով: Ու իրոք շոկի մեջ էի, մինչև այս պահը դեռ չի անցել այդ օրվա էմոցիաները...»,- պատմեց դերասանուհին:

Գրեց՝ «պարտքս եմ համարում քեզ ամեն օր հարցնեմ՝ ոնց ես» ու խոստումը պահեց...

Շուտով կլրանա զույգի համատեղ կյանքի երկու և ընկերություն անելու չորրորդ տարին։

«Երբ մեր ուղևերությունից վերադարձանք, սկսեցինք համատեղ ապրել, մեզ միշտ ասում էին՝ չե՞ք ուզում հարսանիք անել: Միշտ էլ մտածել ենք հարսանիքի մասին, հաճախ պատկերացրել, բայց այս ընթացքում կային բաներ, որ հետ էին պահում, դա պիտի ինքն իրեն հասունանար։ Միասին որոշեցինք ամուսնության օրը, ընտրեցինք ամենալավ օրը՝ հիշողություններով լի, համենայնդեպս ինձ համար:

Այս օրը՝ մայիսի 31-ին, ժամը 14:20-ին Վաչեն առաջին անգամ գրել է ինձ, որը երկուսիս համար էլ շատ թանկ ու հարազատ է: Գրեց՝ «պարտքս եմ համարում քեզ ամեն օր հարցնեմ՝ ոնց ես» ու խոստումը պահեց... Միշտ ասում են՝ ինչի՞ եք մայիսին ուզում հարսանիք անել, հենց այդ օրն ենք ուզում, որ մեզ հետ կապ ունենա»,- պատմեց Սրբուհի Բալայանը: Նա նշեց, որ իրենց համար շատ կարևոր էր եկեղեցի մտնելն ու որոշեցին պսակադրվել եկեղեցիով: «Ամեն ինչ այնպես ենք ընտրել, որ մեր մասին լինի ու մեր մասին պատմի: Ամենափոքր եկեղեցիներից մեկն ենք ընտրել՝ Կարմրավոր եկեղեցին, ամենակարևոր բանը, որ ուզում ենք՝ ամեն ինչ գեղեցիկ լինի ու մարդիկ գան և սրտանց ուրախանան»,- ամփոփեց Սրբուհի Բալայանը:

Իսկ հարսանիքից առաջ զույգը պատասխանեց Tert.am Life-ի բլից հարցերին․

-Ո՞վ էր նախահարսանեկան պատրաստության փուլում ամեն մանրուքից վիճում։

Վաչե- Ես։

Սրբուհի- Վաչեն։

-Առավոտյան սուրճն ո՞վ է պատրաստելու ամեն օր։

Վաչե- Սրբուկը, ու սա որպես հորդոր թող ընդունի․․․

Սրբուհի-Ես։

-Առաջինն ո՞վ է սիրահարվել։

Վաչե- Սրբուկը։

Սրբուհի- Վաչեն։

-Այսօր ո՞վ ինքնամոռաց կխմի։

-Վաչե-Ես առհասարակ չեմ խմում, այսօր էլ չեմ խմելու։

Սրբուհի- Ոչ ոք, մեր ընկերները կխմեն, բայց մենք՝ ոչ։

-Այսօր ո՞վ է ավելի շատ հուզվում։

-Վաչե-Ես։

Սրբուհի- Ես շատ եմ հուզվում, բայց Վաչեն ավելի շատ․․․

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի