Foto

Թուրքիայում կազմակերպությունները Մեծամորի ատոմակայանը փակելու կոչով բողոքի ակցիա են անցկացրել

Թուրքիայի տարբեր ծայրերից 33 բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ Իգդիրում ակցիա են անցկացրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ, գրում է Cumhurriyet-ը։ 


Բնապահպանական կազմակերպությունների տարածած հայտարարությունում կոչ է արվում փակել Մեծամորի ատոմակայանը։ Հայտարարությունն ընթերցել է Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը։ 

«Մեծամորի ատոմակայանի առաջին ռեակտորը, որը գտնվում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանից 16 կիլոմետր և Իգդիրից 30 կիլոմետր հեռավորության վրա, շահագործման է հանձնվել 1976 թվականին, իսկ երկրորդը՝ 1980 թվականին։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ատոմակայանի երկու ռեակտորները փակվեցին հանրային մտահոգությունների, ճնշումների և բողոքի ցույցերի պատճառով։ 1993 թվականին Հայաստանի կառավարությունը որոշել է վերաբացել ատոմակայանը, և այն շահագործման է հանձնվել 1995-ին։ 

2005 թվականին իր նախատեսված կյանքն ավարտած ատոմակայանի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2016 թվականը, և ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը շարունակվել է տարբեր ամսաթվերով։ Այս կայանը շատ բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, հատկապես, Իգդիր նահանգում։ Մենք կոչ ենք անում միջուկային հարցերով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին և Հայաստանի կառավարությանը՝ փակե՛ք Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանը չի բախվել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ճակատագրին։ Մեր երկրի համապատասխան կառույցները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն այս էլեկտրակայանը փակելու համար։ Մեր պայքարը կշարունակվի՝ մինչև Մեծամորի ատոմակայանի փակումը»,- նշել է նա։ 


Ասլանը նաև հայտարարել է, թե «այս տարածաշրջանում քաղցկեղի դեպքերն այնքան են աճել, որ աղքատ մարդիկ չեն կարողանում բուժում ստանալ, աճել է արյան քաղցկեղով ծնվող նորածինների թիվը», նաև հավելել, թե չեն ցանկանում, որ թուրքական Աքքույուում, Սինոպում կամ Իգնեադայում ատոմակայան կառուցվի։ Հավելենք, որ 2022 թվականի հոկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին անձամբ է այցելել Մեծամորի ատոմակայան ու բարձր գնահատել կայանի աշխատանքը։ 



«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ 

Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել էր Գրոսսին թվիթերյան իր միկրոբլոգում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Պատրաստեց` factor.am-ը։