Foto

Մարտունի համայնքի Մադինա գյուղում բացվեց և օծվեց Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում հունիսի 1-ին օծվեց և բացվեց նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի և Վիրահայոց թեմի առաջնորդ  Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ և հոգևոր դասի աղոթակցությամբ։ 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ եկեղեցին կառուցվել է Մադինա գյուղի նախկին բնակիչ, ռուսաստանաբնակ գործարար Մհեր Բաղդասարյանի բարերարությամբ և Ռաֆիկ Հերգնյանի ճարտարապետությամբ։   


Օծման կարգին ներկա էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ  Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, մարզպետի և Մարտունու համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ,  մարզային և համայնքային ուժային կառույցների ներկայացուցիչներ,  հյուրեր:

Սրբազան արարողության ավարտին ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի`բարերար  Մհեր Բաղդասարյանին հղված «Օրհնության գիր»-ը: Օծման կարգից հետո  ներկաներին ողջույնի շնորհավորանքի խոսքեր հղեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդ  Տեր Պարթև եպիսկապոս Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետը, Մարտունի համայնքի ղեկավարը, Մադինայի վարչական ղեկավարը, բարերար Մհեր Բաղդասարյանը։ 

Գեղարքունյաց թեմի առաջնորդն իր հայրական օրհնությունը փոխանցեց Մադինա համայնքի բնակիչներին` մաղթելով զորանալ Տիրոջ օրհնաբեր շնորհներով և ամուր հավատի ու միասնականության շնորհիվ շեն պահել, ինչպես նաև իրենց մշտական ներկայությամբ շունչ և ոգի հաղորդել Սուրբ Ամենափրկիչ հրաշակերտ եկեղեցուն:


«Այսօր մենք միասին ականատեսն ու մասնակիցն ենք դառնում մի այնպիսի կարևորագույն իրադարձության, որին այս գյուղի բնակիչները սպասել են երկար տարիներ, սերնդեսերունդ երազել նման շքեղ հավատի տուն ունենալու մասին։  Այս գյուղի տարածքում պահպանված են մեր ժողովրդի արարչագործ մտքի ու ջանքերի շնորհիվ կերտված պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ, որոնք մեզ են հասել հազարամյակների հեռվից։ Եվ դրանցից յուրաքանչյուրն այս սրբազան հողի վրա հաստատուն կերպով է դրել հայկականության անջնջելի կնիքը։ Իսկ Սուրբ Ամենափրկիչ նորաբաց եկեղեցին իր վեհաշուք տեսքով գալիս է միանալու Հայոց սրբազան ու ազգային հավատի աղոթաշունչ զորության հազարամյակների երթին, լրացնելու մեր հողի վրա պահպանված ու մեզ ավանդված պատմաճարտարապետական հրաշակերտ կոթողների փառքն ու դարերին պահ տրվող հոգևոր-մշակութային արժեքների շարքը։ Նրանով մեր հոգիներում էլ ավելի կամրապնդվի հայրենի հավատը, նոր շունչ կառնի Աստվածառաք աղոթքը, հայեցի բառն ու բանը, ազգապահպան քարոզն ու գործը մեր հայրենի բնության այս սքանչելի անկյունում։ 

Սուրբ Առաքելոցի բացմանն  ու օծմանը փոխլրացնելու է եկել ևս մեկ կարևոր իրադարձություն ու հայրենաշեն ձեռնարկ՝ Մադինայի կրթահամալիրի կառուցումը, որն արդն մեկ տարի է, ինչ սկսվել և ընթանում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Ու հեռու չէ այն ժամանակը, երբ նորակառույց, արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրն իր դռները կբացի գյուղի դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաների առջև»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

«Այսուհետ 2025 թվականի հունիսի 1-ն այս գյուղի տարեգրության մեջ հիշվելու է որպես նորակառույց Սուրբ Առաքելոց եկեղեցու օծման ու բացման օր, ազգային ուխտի ու վերազարթոնքի անկրկնելի օր։

Հավատի այսպիսի շքեղ տան կառուցումը, օծման ու բացման այս արարողությունը ուղիղ ու արժանի պատասխանն են մեր սրբազան հողը դարեր շարունակ ասպատակելու եկած, Հայոց հայրենիքն ավերակների վերածած նվաճողների չար ու անիծյալ գործերին։ Ահա այսպես ենք մենք նրանց բերած արհավիրքների դեմ մաքառել, տոկացել, մեր մեջ վերստին ուժ գտել, ծլարձակել մոխիրների միջից, վերագտել ապրելու մեր կամքը և արարելու եռանդը։

Շուրջ մեկ դար առաջ մեծ ջանքերի գնով այս գյուղը վերակերտած ու վերահայացրած մարդիկ մեզ այսօր թողել են բազմամարդ ու գեղեցիկ մի շեն՝ իր առանձնատներով, մշակված հողամասերով ու այգիներով, դպրոցով ու մշակույթի տնով, բարեկարգ փողոցներով, գործող ենթակառուցվածքներով, արարող ու կենսասեր մարդկանցով։ 

Մադինան վերջին տարիներին ծաղկում ու զարգանում է ոչ միայն իր զավակների ջանքերով ու կառուցող ձեռքերով, այլ նաև հայրենի կառավարության ամենագործուն աջակցությամբ, որն արտահայտվում է արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի, ոռոգման և խմելու ջրատարների, արտաքին լուսավորության ցանցի կառուցմամբ, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմամբ, այլ ձեռնարկներով։ 

Իսկ Սուրբ Ամանափրկիչ եկեղեցու կառուցումը, բացումն ու օծումը ոչ միայն նորոգելու և ամրապնդելու է մեր հավատն ու ինքնությունը, այլ նաև ոգեշնչելու է բոլորիս՝ մեր հայրենի տունը միշտ շեն ու ծաղկուն պահելու, մեր սրբազան հող ու ջրին առհավետ կապվելու համար»,-նշեց Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը՝ ելույթի ավարտին  համայնքապետարանի շնորհակալագրով պարգևատրելով բարերար Մհեր Բաղդասարյանին։ 

Մադինայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կենտրոնագմբեթ է ու խաչաթև, 17 մետր բարձրությամբ, 7,5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ։

Այն Մադինա բնակավայրի միակ ու առաջին օծված եկեղեցին է։