Foto

Կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստան. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչների զգոնության շնորհիվ՝ Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և կասեցվել է անհայտ ծագման կենդանիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:


«Տեղափոխվող կենդանիների խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերի, մասնավորապես, անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է՝ կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի համար (205 գլուխ) որևէ փաստաթուղթ չի տրամադրվել:

ՍԱՏՄ ուղղակի գործառույթն է ստուգել բոլոր ներկրվող և արտահանվող կենդանիների ուղեկցող փաստաթղթերը. անհայտ ծագման կենդանիները ենթակա են վերադարձի կամ ոչնչացման:


Հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը՝ անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցվելու է»,- ասված է հաղորդագրությունում: