Foto

Ռաուլը հեռացել է «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» պահեստային թիմի՝ «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը որոշել է լքել ակումբը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

47-ամյա Ռաուլը «Կաստիլիայում» աշխատել է 2019 թվականից։

«Ռեալը» հպարտ է, որ մեր թիմի և երիտասարդական ակադեմիայի մարզիչը եղել է ակումբի և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը։ Ռաուլը հավերժ կմնա «Ռեալի» բոլոր երկրպագուների սրտերում, և ակումբը միշտ կլինի նրա տունը։ «Ռեալը» մաղթում է Ռաուլին և նրա ընտանիքին ամենայն բարիք կյանքի այս նոր փուլում, – նշված է հաղորդագրությունում։

«Ռեալի» հիմնական թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաուլի նախկին խաղընկերն Իսպանիայի հավաքականում՝ Խաբի Ալոնսոն, ով փոխարինել է Կառլո Անչելոտիին։

Ռաուլը «Ռեալում» հանդես է եկել 1994-ից 2010 թվականը։ Այդ ընթացքում նա վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթակիր, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և երկու անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը։