Foto

ՀՀ Զինված ուժերն այսօր իշխանության թիրախում են՝ մարդիկ բանակին նայում են, որպես բանտ. Մանուկյանը՝ խնդրահարույց օրինագծի մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը՝ չեղարկվեց: Ըստ հանձնաժողավի փոխանախագահ Արմեն Խաչատրյանի՝ համակողմանի քննարկում է արհրաժեշտ։ Նիստի չեղարկման և նախագծի այլ խնդրահարույց դրույթների վերաբերյալ Vesti.am-ը հարցեր ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանին։

-          Պարո՛ն Մանուկյան, ըստ Ձեզ, ո՞րն էր նիստը հետաձգելու միտումը։

-          Հետաձգումը որևէ բացատրություն չուներ։ Անակնկալ էր նույնիսկ օրենքի նախագծի հեղինակի համար։ Կարևոր է նաև այն, որ պաշտպանության նախարարն Ազգային ժողովում էր։ Հետաձգման պատճառը միայն ենթադրելի է՝ այսօր ընդդիմադիր պատգամավորների թիվը բավարար էր, որպեսզի նախագիծը դրական եզրակացություն չստանա։ Գուցե հենց դրա համար հետաձգեցին։

-          Ձեզ համար նախագիծն ի՞նչ կարևոր խնդրահարույց կետեր ունի։  

-          Դրանք բազամաթիվ են։ Առաջինը՝ հակասում է Սահմանադրությանը՝ ՀՀ քաղաքացիների մեջ խախտվում է հավասարության սկզբունքը։ Երկրորդ՝ դասակարգայնացումը, որը մտցվում է մեր երկրում, ուղղակի խայտառակություն է։ Կա՛ անվտանգային հարց, կա՛ հոգեբանական հարց։ Պատկերացրեք որևէ մեկը վճարում է ինչ-որ գումար և ծառայում է 4 ամիս, մյուսն էլ չի վճարում և ծառայելու է 24 ամիս։ Այդ զինվորների միջև նույն զորամասում լինելու է հոգեբանական վիհ, որն ուղղակի նկարագրելի չէ։ Կա սոցիալական հարց, ներքին հոգեբանական հարց ընտանիքներում։ Հրաևանի տղայի հայրը հարուստ է կամ տունը գրավի տակ է դրել և այդ 20 մլն դրամը վճարել է, իսկ մեկ ուրիշը՝ չունի այդ գումարը։ Ուղղակի ներքին ազգային անվտանգության, հանրային միասնականության լուրջ սպառնալիք է։

-          Նախագծի հեղինակները, որպես նպատակ նշում են, որ կկանխի արտագաղթը, կնպաստի ներգաղթին, քաղաքացիությունից չեն հրաժարվի բանակից ազատվելու համար։ Կան հաշվարկնե՞ր, ի՞նչ թվերի մասին է խոսքը։

-          Չկան որևէ հաշվարկներ։ Անցնող տարի իշխանության կողմից վավերացվեց մեկ այլ նախագիծ, որը սահմանում էր 15մլն դրամ վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից։ Մեկ տարվա ընթացքում այդ հնարավորությունից օգտվել է 70 հոգի։ Դա համարենք ներգա՞ղթ։ Այն բացասական հետևանքները որոնք կան, որոնց մասին խոսում է իշխանությունը, դրանք պետք է շրտել և վերացնել, այլ ոչ թե՝ օրինականացնել։ Եթե առողջության հետ կապված բանակից ազատվելու խախտումներ, զարտուղի ճանապարհներ կան, ապա պետք է դրանք վերացնել։ Եթե ասում են, որ միևնույն է՝ հարուստի տղան փողով բանակից ազատվում է, ապա այդ կաշառակերությունը պետք է վերացնել։ 7 տարի իշխանության ղեկին գտնվողները խոսում են, թե կաշառակերություն կա։ Բա իրենք ինչի՞ համար են։ Ամենակարևորը բանակի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն պետք է լինի։ ՀՀ Զինված ուժերն այսօր իշխանության թիրախում են՝ մարդիկ բանակին նայում են, որպես բանտ։ Սպայական կազմին էլ՝ որպես կաշառակեր։ Այս իշխանությունն ամեն ինչով հեղինակազրկում է ԶՈՒ-ն և դա է պատճառը, որ, ի տարբերություն երկար տարիների, այսօր զինվորականը հանրային վստահություն և հարգանք չունի։

-          Գումարը վճարող անձը, ըստ օրինագծի, պետք է ծառայություն անցնի ընդամենը 1 ամիս։ Դա արդյո՞ք բավական ժամանակ է, պահեստազորում գտնվելու և հետագայում ռազմական գործողություններին մասնակցելու համար՝ հաշվի առնելով թեկուզ այն հանգամանքը, որ ուսումնական զորամասերում զինծառայողն անցկացնում է 6 ամիս։

-          Իրականում բազմաթիվ փաստարկված քննադատություններ կան, որոնք որևէ բացատրություն չունեն։ Նույն մեկ ամսվա իբր ծառայության անցնելը համարվի բավարար ժամանակ՝ արդեն, որպես պահեստազորում գտնվելու, որևէ ձևով, տրամաբանված չէ։ Ուսումնական զորամասերում առաջին մեկ ամիսը նոր զորակաչված զինծառայողների համար փորձնական, ադապտացման շրջանն է։ Այսինքն՝ այդ մեկ ամսում անձը մարտական պատրաստվածություն չի անցնում։

-          Տարածաշրջանում կա՞ երկիր, որտեղ գումարի դիմաց բանակից ազատվելու օրենք է գործում։

-          Այո՛, կա Թուրքիան է, բայց ներթուրքական հասարակական կյանքում դա խիստ բացասական արձագանքի է արժանանում, ինչպես նաև՝ շատ քննադատությունների։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ մենք խոսում ենք 80 մլն բնակչությամբ երկրի մասին։ Մեր՝ ներհայաստանյան ռեսուրսը սահմանփակ է երկրի անվտանգային համակարգն ապահովելու համար։

Հեղինակ: Աննա Ավետիսյան