Սահմանային լարվածության, Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից դրսևորվող անտարբերության մասին MediaHub-ի զրուցակիցները պատմում են սահմանից գրեթե ամեն օր։
Այսօր առավոտյան MediaHub-ի աղբյուրները հայտնեցին, որ Ադրբեջանը Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակել է մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը, ինչպես նաև առավոտյան։ Մովսես գյուղի բնակիչն ասաց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կրակոցները սահմանային գյուղերի ուղղությամբ դարձել են սովորական։ Ադրբեջանը 2 անգամ կրակել է նաև կեսօրին՝ ժամը 12:30-ի սահմաններում։
«Ընդհանրապես, մարտ-ապրիլ ամիսներից սկսած միշտ կրակել են՝ հիմնականում գիշերային ժամերին։ Բայց այսօր ամբողջ գյուղն արթնացել է կրակոցներից։ Հաշվել եմ, ուղիղ 20 րոպե լուսադեմին կրակել են ոչ թիրախային, անկանոն։ Տղաս դիրքերից զանգել ու տեղեկացրել է, որ հանկարծ դուրս չգանք տներից։ Չի բացառվում, որ հետո պարզվի, որ ինչ որ մեկի գույքը կամ անասունը վնասվել է։ Հետո կեսօրին են 2 անգամ կրակել»,- MediaHub-ին ասաց մովսեսցի տղամարդը։
Մեր դիտարկմանը, որ պաշտպանական գերատեսչությունը կամ պետական որևէ կառույց չի արձագանքել Տավուշի ուղղությամբ սահմանային լարվածությանը, մեր զրուցակիցն ասաց, որ պետական ինստիտուտները վաղուց կորցրել են ժողովրդի՝ իրենց հանդեպ վստահությունը։
«Որ «Մեհրաբի» դիրքերին խոշոր տրամաչափի զինատեսակներով խփում էին, ո՞վ գոնե մի անգամ խոսեց դրա մասին։ Գիտե՞ք, որ Ջերմուկին, Սյունիքին ամեն օր կրակում են։ Ինչ որ մեկը բան անո՞ւմ ա ժողովրդի անվտանգության համար։ Անտեր ժողովուրդ ենք»։
Որ Հայաստանն ընտրել է խաղաղության ճանապարհը և չի տրվում թշնամական որևէ սադրանքի, Տավուշում չեն դժգոհում։ Բայց նաև չեն կիսում իշխանությունների վարած քաղաքականությունը։
«Ո՞վ չի ուզում խաղաղություն լինի։ Մանավանդ մեր՝ սահմանի վրա ապրող մարդկանց երազանքը մենակ դա է։ Այլ հարց է, որ 2 կողմը գնան խաղաղության ճանապարհով։ Մեր արժանապատվության վրա խաղաղություն թող չկառուցեն, հերիք ա, թող ժողովրդի մասին մտածեն»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան