Foto

«Երբեք չեմ տեսել, որ մարդուն աշխատանքից ազատեն միայն նրա համար, որ նա հրավիրատոմս է տվել հաշմանդամություն ունեցող երեխային կամ թոշակառուներին». Արմեն Սանթրոսյան

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը 60 տարի աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Նշում է՝ երբեք չի տեսել, որ մարդուն աշխատանքից ազատեն միայն նրա համար, որ նա հրավիրատոմս է տվել հաշմանդամություն ունեցող երեխային կամ թոշակառուներին:

«Դա ի՞նչ դաժանություն է, անմարդկային վերաբերմունք է: Մարդը տարիներ շարունակ աշխատում է թատրոնում և ուզում է հյուր հրավիրել, պետք է դիմենք նախ տնօրենին, տնօրենը դիմի քաղաքապետին, քաղաքապետը պետք է թույլ տա, որ մեզ 2 հրավիրատոմս տան, որ մեր հյուրերին ընդունենք:

Ի՞նչ եք ուզում մեզանից: Իրանց մարդն ունե՞ն, թող տանեն ուրիշ տեղ, ինչի՞ են քանդում այս 95 տարեկան թատրոնը: Ես չգիտեմ ով է գալու, բայց Էմինից լավ տնօրեն հազիվ թե գա, որովհետև նրանց գալու նպատակը դա չի, որ թատրոնը ծաղկի, բարգավաճի:

Նվիրված աշխատում ենք առավոտից երեկո, ի՞նչ եք ուզում, թողե՛ք աշխատենք, մենք ներկայացում ենք խաղում երեխաների համար»,- Էմին Թորոսյանին աշխատանքից ազատելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արմեն Սանթրոսյանը:

Ավելի վաղ, Tert.a, Life-ը զրուցել էր նաև դերասանուհի Անահիտ Ղուկասյանի հետ, ով ևս կարծում է, որ Էմինին պաշտոնից ազատելու որոշումն անհասկանալի ու անհիմն է: