Այս օրինակը ցույց եմ տալիս, թող ՍԱՏՄ-ն էլ տեսնի։ Շատ են խոսում սերտիֆիկացված, արտասահմանյան տնկիների մասին, բայց... Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, գյուղոլորտի փորձագետ Հարություն Մնացականյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանք բերվում են Իտալիայից ու վաճառում այն ֆերմերներին, ովքեր ուզում են այգիներ ունենան, սակայն ոչ բերք են ստանում, ոչ էլ՝ այգի ունենում:
«Այստեղ բանալի բառն արտասահմանյանն է, ու թե ինչ որակի տնկիներ են մտնում՝ դա միայն Աստված գիտի: Սա Vitafruit իտալական ընկերության հավաքած տնկիներ են , որը բարձում ու ուղարկում են ՀՀ», -ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ մեկ տարվա մեջ Vitafruit իտալական ընկերության կողմից 100,000-ից ավել խնդրահարույց տնկիներ են մտել մեր երկիր , տարբեր հիվանդություններով, որի մասին մի քանի տեղ ևս զեկուցվել է»,- ասաց Մնացականյանը:
«Պետությունը, որն այգիների համար սուբսիդավորում է ծախսերի հիսուն տոկոսը, կոկրետ մարդիկ էժան բերում, ապա այդ ընկերությունով թանկ ծախսադրումներ են անում, կատարվող աշխատանքները թանկ գներով գրում, ենթադրենք, այգու վրա ծախսում են քսան հազար դոլար, բայց գրում են հարյուր հազար դոլար, ու պետությունը դրանից հիսուն տոկոսը փոխհատուցում է, մնացած երեսունը դնում են իրենց գրպանը, ու ընդ որում, մնում է անորակ այգին», -նշեց Մնացականյանը:
Փորձագետի խոսքով՝ այս տնկիները ներկրող ու վաճառողները կոնկրետ հանցագործություն են անում հայ ֆերմերների հանդեպ, ովքեր ցանկանում են խոշոր ներդրումներ անել ու այգի հիմնել. «Ֆերմերներին առաջարկում եմ տնկի գնելուց պարտադիր ներմուծողից պահանջեք փաստաթղթեր, թե արտասահմանյան ո՞ր ընկերությունից են գնել ապրանքը, դրան գումարած մի քանի նմուշ էլ տարեք ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ , տվեք ստուգման», -ասաց Մնացականյանը:
ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Այս վիդեոնյութը որևէ կերպ հիմք լինել չի կարող, թե հենց այս կամ նմանատիպ տնկիներ են բերվել Հայաստան կամ որ դրանք հիվանդ են: Այս տարի այդ ապրանքանիշի տնկիներ ներմուծվել են (միայն 82 հազար հատ խնձորենի)՝ անցնելով սահմանային վերահսկողության բոլոր փուլերով՝ փաստաթղթային և լաբորատոր փորձաքննություն: Որևէ խնդիր չի հայտնաբերվել», -եզրափակեց ՍԱՏՄ մամուլի խոսնակը: