Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան դեպքերի կանխարգելման նպատակով արդարադատության նախարարությունը նախատեսում է տեսախցիկներ տեղադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խցերում։ Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մահվան բոլոր դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրվում են։ Ցավոք, որոշ դեպքերում ունենք ինքնասպանություններ, որոնք գրեթե բոլորն առնչվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Նրանք նախկինում ունեցել են ինքնավնասման դրսևորումներ։ Չնայած բոլոր ջանքերին՝ երբեմն մեզ չի հաջողվում կանխել ճակատագրական հետևանքը։ Այժմ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, և նմանատիպ հակվածություն ունեցող անձանց խցերում նախատեսվում է տեղադրել տեսախցիկներ։ Սա նորամուծություն է, բայց միակ հնարավոր ճանապարհն է՝ նման դեպքերից խուսափելու համար»,-նշեց նախարարը։
Սրբուհի Գալյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ ՔԿՀ-ներում մահվան բոլոր դեպքերը պայմանավորված չեն ինքնասպանությամբ։ Դրանց մի մասը, ըստ նրա, բնական մահեր են՝ կապված անձանց առողջական խնդիրների հետ։
Նախարարն ընդգծեց, որ հարցի հասցեատեր են թե՛ արդարադատության, թե՛ առողջապահության նախարարությունները, այդ իսկ պատճառով երկու գերատեսչություններն այժմ ամենօրյա ռեժիմով համագործակցում են՝ ապահովելու անազատության մեջ գտնվող անձանց պատշաճ բժշկական սպասարկումը։
Նրա խոսքով՝ դրական օրինակներից է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոր մասնաշենքի բացումը, որը նախատեսված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար։
«Սա առաջանցիկ քայլ է, որպեսզի կարողանանք պատշաճ պայմաններ ապահովել և՛ բուժման, և՛ վերահսկման տեսանկյունից։ Մենք չենք ուզում դեպքերն անհատականացնել, բայց փաստերը ցույց են տալիս՝ ինքնասպանության բոլոր դեպքերում առկա են եղել հոգեկան վիճակի հետ կապված նախորդ դրսևորումներ»,-եզրափակեց նախարարը։
Աղբյուրը՝ politik.am