Foto

Անշարժ գույք գնելու պայմանագրերում նշել են տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարներից էականորեն ավելի ցածր գին. Գլխավոր դատախազություն

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրերում վաճառքի գնի փոխարեն նշելով տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարներից էականորեն ավելի ցածր գին: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: 

Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել վերոնշյալ անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի ապրիլի 25-ին դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Մ.-ի և Գ.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Մեղադրանք ներկայացնելուց հետո, վերոնշյալ անձինք վերականգնել են պետությանը պատճառված վնասից 75 միլիոն դրամը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է: