Foto

Էկրանային սարքավորումների առաջ երկարատև ժամանակ անցկացնելը կարող է բացասաբար ազդել հենաշարժական համակարգի վրա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.

«Շաբաթվա ընթացքում 14 ժամ կամ ավելի թվային էկրանների օգտագործումը՝օրական ≥ 2 ժամ, կապված է միջինից մինչև ուժեղ ողնաշարային ցավի հետ, որն ազդում է դեռահասների առօրյա կյանքի, ինչպես նաև նրանց կյանքի որակի վրա

Էկրանային սարքավորումների՝ համակարգիչների, հեռախոսների, պլանշետների և հեռուստացույցների առաջ երկարատև ժամանակ անցկացնելը կարող է բացասաբար ազդել հենաշարժական համակարգի վրա:

Խնդիրն առավել տարածված է դեռահասների շրջանում, ովքեր չեն կառավարում էկրանային ժամանակը, և տարվելով խաղով կամ սոցաիալական ցանցերով կորցնում են ժամանակի զգացողությունը: Հետազոտությունները փաստում են, որ դեռահասների 65.1%-ի մոտ ավելի տարածված է կրծքային-գոտկային ողնաշարի հատվածում ցավային զգացողությունը, որին հաջորդում է վերին վերջույթների ցավը, կազմելով գանգատների 20%-ը:

Եվրոպական տարածաշրջանում դեռահասների շրջանում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, համակարգիչների և էլեկտրոնային խաղերի օգտագործման միջին ժամանակը հետազոտվածների խմբում շաբաթական համապատասխանաբար կազմել է 1720 և 583 րոպե: Էլեկտրոնային սարքերի չափազանց օգտագործումը ռիսկի գործոն է եղել պարանոցային և գոտկային ցավերի համար: Գրականության մեջ էլեկտրոնային սարքերի օգտագործման բարձր ժամանակահատվածների բնութագրման համար որպես ելակետ օգտագործված արժեքները տատանվում են օրական 2-ից 5 ժամի սահմաններում: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ գնահատված ուսումնասիրություններում թվային էկրանների օգտագործման վրա ծախսված ժամանակն անհամեմատ բարձր է: Երկրների միջև առկա էկրանային ժամանակի տատանումները կարելի է բացատրել տվյալ երկրի կամ տարածաշրջանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման մակարդակով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթվա ընթացքում 14 ժամ կամ ավելի թվային էկրանների օգտագործումը (որը համապատասխանում է օրական ≥ 2 ժամ) կապված է միջինից մինչև ուժեղ ողնաշարային ցավի հետ, որն ազդում է դեռահասների առօրյա կյանքի, ինչպես նաև նրանց կյանքի որակի վրա: Մյուս կողմից, Քեյրոզետի և համահեղինակների ուսումնասիրությունը կապում է մկանային-կմախքային ցավի առկայությունը էկրանի առջև անցկացրած ժամանակի հետ՝ նշելով, որ այդ ցավերն ավելի ուժեղ են երկու էկրանների (համակարգիչ, ինտերնետ, էլեկտրոնային խաղեր, հեռուստացույց) միաժամանակյա օգտագործման դեպքում: Մեկ այլ ուսումնասիրություն ևս հաստատում է այս արդյունքները՝ նշելով, որ 2 և ավելի էկրանների օրական 4 ժամից ավելի միաժամանակյա օգտագործումը առաջացնում է մկանային-կմախքային ցավեր: Հետևաբար, կախված ցանցի տեսակից և դրա հաճախականությունից, մկանային-կմախքային ցավը կարող է տարբեր լինել ինտենսիվության և անատոմիական տեղակայման:

Էկրանային ժամանկի չարաշահման արդյունքում զարգացող հենաշարժական խնդիրները կարելի է ներկայացնել հետևյալ խմբերով`

1. Վատ կեցվածք

Շատերը էկրանային սարքերի առաջ նստում են կռացած կամ անհարմար դիրքով, սա կարող է առաջացնել պարանոցի, ուսերի, մեջքի և գոտկատեղի մկանների լարվածություն:

2. Ողնաշարի խնդիրներ

Կրկնվող վատ դիրքի պատճառով կարող են զարգանալ միջողային սկավառակների ճողվածք (հատկապես պարանոցի կամ գոտկատեղի հատվածում), կիֆոզ կամ լորդոզ: Դինամիկ շարժման պակասը հանգեցնում է հոդերի ճկունության նվազմանը:

3. Մկանային թուլություն

Սահմանափակ շարժման պատճառով մարմնի որոշ մկաններ՝ հատկապես մեջքի, որովայնի և պարանոցի, կարող են թուլանալ: Սա նվազեցնում է ողնաշարի կայունությունը:

4. Ձեռքերի և դաստակների խնդիրներ

Երկար ժամանակ ստեղնաշարի կամ մկնիկի օգտագործումը կարող է առաջացնել կարպալ թունելի սինդրոմ, դաստակների ու մատների ցավ:

5. Արյան շրջանառության խանգարումներ

• Շարժման պակասը նպաստում է արյան շրջանառության դանդաղեցմանը՝ հատկապես ստորին վերջույթներում, ինչը կարող է բարդություններ առաջացնել, օրինակ՝ վարիկոզ:

Ինչ անել կանխարգելման համար

• Աշխատել ուղիղ մեջքով՝ հետևելով էրգոնոմիկային:

• Յուրաքանչյուր 30–40 րոպեն մեկ կանգնել, փոքր շարժումներ անել կամ քայլել:

• Կատարել վարժություններ, որոնք ամրապնդում են մեջքի և որովայնի մկանները:

• Օգտագործել կարգավորվող աթոռ, հարմար սեղան, մոնիտորի ճիշտ բարձրություն:

• Հիշել աչքերի հանգստի 20-20-20 կանոնի /20 րոպեն մեկ 20 վայրկյանի ընթացքում նայել 20մ հեռու/ մասին՝ նաև կանխելու տեսողական լարվածությունը»: