Foto

ԶԼՄ․ Հաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակը

Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոշորագույն ամպային հարթակը՝ Cloud One-ը, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրի։

2017 թվականին ստեղծված հարթակը միավորում է Microsoft-ի, Amazon-ի, Oracle-ի և Alphabet-ի ռեսուրսները և ապահովում է բազմաթիվ համակարգերի աշխատանքը, այդ թվում՝ ամբողջ Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության ռադարներից տվյալներ հավաքող ծառայության և աշխարհի տարբեր մասերում ԱՄՆ ավելի քան 200 ռազմական օբյեկտներում ռումբերի ու հրթիռների հաշվառման մարտական համակարգի աշխատանքը, հաղորդել է BBC-ն։ Այս հարթակում գործում են նաև անձնակազմի տվյալների կառավարման, զինծառայողների վարձատրման հաշվարկման, ինչպես նաև լոգիստիկայի և տեխնիկական սպասարկման համակարգեր, գրել է Reuters-ը։

Կոտրումը հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ, երբ հարթակն արդիականացվում էր, և խափանում է առաջացրել «ամպի» աշխատանքում։ Ենթադրվում է, որ կոտրումը հնարավոր է դարձել ծրագրային ապահովման խոցելիության պատճառով։ Հայտնի չէ՝ արդյոք որևէ տվյալ գողացվել է, ինչպես հայտնի չէ նաև հաքերների ինքնությունը։ Կոտրման պատասխանատվությունը դեռևս ոչ մի հաքերային խմբավորում չի ստանձնել։