Foto

Ո՞ւմ են օգտակար մարզումներից հետո սառցե լոգանքները

Էդիթ Քոուենի համալսարանի (ECU) բժշկական գիտությունների դպրոցի անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարզիկները, մարզիչներն ու ֆիթնեսի սիրահարները պետք է զգուշությամբ մոտենան սառցե լոգանքների կիրառմանը։ 

«Սառը ջրի մեջ ընկղմվելը վերականգնման համընդհանուր միջոց չէ»,- ասում է հետազոտության գլխավոր հեղինակ, գիտությունների թեկնածու Էրֆան Բերջիսյանը։- Դրա օգուտը մեծապես կախված է մարզիկի նպատակներից, կատարված վարժությունների տեսակից և նրանից, թե երբ է նախատեսված հաջորդ մարզումը»։

Ըստ գիտական ակնարկի՝ սառցե լոգանքները հատկապես արդյունավետ են մկանային ցավը մեղմելու և մկանների վնասման ցուցանիշները նվազեցնելու համար։ Դրանք մարզիկներին օգնում են ավելի արագ վերականգնվել։ Նման լոգանքից հետո մկանային ցավը նվազում է մարզմանը հաջորդող 4 օրվա ընթացքում, իսկ մկանների վնասման ցուցանիշները՝ լոգանքն ընդունելուց 24–72 ժամ անց։

Այն մարզիկների համար, որոնք պետք է հնարավորինս շուտ վերադառնան մարզումներին, արդյունքներն ավելի լավն էին։ «Սառը ջրի մեջ ընկղմվելը հատկապես օգտակար է, երբ վերականգնման ժամանակը սահմանափակ է, օրինակ՝ մրցաշարերի, մրցումների խիտ ժամանակացույցի կամ կրկնվող բարձր ինտենսիվության մարզումների ժամանակ»,- ասել է Բերջիսյանը։

Հետազոտողները պարզել են, որ դիմացկունությունը բարձրանում է սառցե լոգանք ընդունելուց հետո առաջին ժամվա ընթացքում, մինչդեռ ուժային ցուցանիշներն ու ցատկերի արդյունքները հաճախ բարելավվում են 24–72 ժամ անց։

Սակայն մի նրբություն կա։ Սառցե լոգանք ընդունելուց հետո մի քանի ժամվա ընթացքում պայթյունային ուժը նվազում է՝ մկանների ժամանակավոր սառեցման հետևանքով։ «Եթե մարզիկները սառեցումից կարճ ժամանակ անց պետք է արագային կամ պայթյունային շարժումներ կատարեն, սառը ջրի մեջ ընկղմվելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, եթե մարմինը կրկին բավարար չափով չտաքացվի»,- ասում է ավագ դասախոս, դոկտոր Քրիստինա Քենդալը։

Թերևս ամենակարևոր բացահայտումը վերաբերում էր մարզումների երկարաժամկետ առաջընթացի վրա սառցե լոգանքների կանոնավոր ընդունման ազդեցությանը։

Այն մարզիկների մոտ, որոնք ուժային մարզումներից հետո մշտապես ընկղմվում էին սառը ջրի մեջ, ուժի, մկանների ծավալի և հզորության ցուցանիշներն ավելի քիչ էին աճում, քան նրանց մոտ, ովքեր դա չէին անում, հաղորդում է «Научная Россия»-ն։ Ստացված տվյալները վկայում են, որ սառը ջրի մեջ կանոնավոր ընկղմվելը կարող է դանդաղեցնել օրգանիզմում մկանային զանգվածի ավելացման բնական գործընթացները։ 

Դիմացկունությունը զարգացնելու նպատակով մարզվող մարզիկների դեպքում պատկերն այլ էր։ Գիտական ակնարկում ապացույցներ չեն հայտնաբերվել, որ սառը ջրի մեջ կանոնավոր ընկղմվելը բացասաբար է ազդում դիմացկունության և ծանրաբեռնվածությանը հարմարվելու վրա։

Հետազոտությունը միաժամանակ բացահայտել է վերականգնման «օպտիմալ ռեժիմը»։ Ամենաարդյունավետ մեթոդները սովորաբար ենթադրում են մարմինը 10–15 րոպեով ընկղմել 10 °C-ից մինչև 15 °C ջերմաստիճանի ջրի մեջ։ Մի փոքր ավելի սառը՝ 5 °C-ից մինչև 10 °C ջերմաստիճանի ջուրը նույն տևողության դեպքում կարող է լրացուցիչ օգուտ տալ ցատկերից հետո վերականգնման և մկանների վնասումը նվազեցնելու համար։

Այսպիսով, ո՞րն է եզրակացությունը։ Սառցե լոգանքները շարունակում են վերականգնման արդյունավետ միջոց մնալ, երբ առաջնահերթությունն արագ վերականգնումն է։ Սակայն, ըստ գիտական տվյալների, մարզիկները պետք է դադարեն դրանք համադարման համարել և ավելի զգույշ լինեն, եթե իրենց նպատակը ուժի և մկանային զանգվածի ավելացումն է։