Պսիլոցիբինը՝ որոշ սնկերի մեջ պարունակվող հոգեակտիվ նյութը, ի վիճակի է բուժման նկատմամբ կայուն դեպրեսիա ունեցող մարդկանց մեջ նվազեցնել անհեդոնիան՝ հաճույք զգալու և առօրյա կյանքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու ունակության կորուստը։ Նման եզրակացության են հանգել Կոլորադոյի համալսարանի Անշուցի բժշկական համալիրի հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Affective Disorders բժշկագիտական հանդեսում։
Անհեդոնիան համարվում է դեպրեսիայի ամենադժվար բուժվող ախտանիշներից մեկը։ Այն խանգարում է հաճույք ստանալ սովորական զբաղմունքներից, շփվել այլ մարդկանց հետ և իմաստ գտնել առօրյա կյանքում, նույնիսկ երբ հիվանդության մյուս դրսևորումները թուլանում են։
Պատահականացված կրկնակի կույր հետազոտությանը մասնակցել է խոշոր դեպրեսիվ խանգարում ունեցող 20 մարդ, որոնց մոտ նախորդ բուժումը բավարար արդյունք չէր տվել։ Մասնակիցները ստացել են կա՛մ 25 մգ պսիլոցիբին, կա՛մ 1 մգ ցածր դեղաչափ։ Երկու դեպքում էլ բուժումն ուղեկցվել է հոգեբանական աջակցությամբ։
Ութ շաբաթ անց 25 մգ նյութ ստացած մասնակիցների շրջանում անհեդոնիայի ցուցանիշների բարելավումը զգալիորեն ավելի արտահայտված էր, քան ցածր դեղաչափ ստացած խմբում։ Սակայն մեկ շաբաթ անց անհեդոնիայի հիմնական ցուցանիշով խմբերի միջև վիճակագրորեն նշանակալի տարբերություն չէր հայտնաբերվել։ Ուստի ութերորդ շաբաթվա արդյունքը պետք է դիտարկել որպես նախնական. այն ստացվել է հետազոտության լրացուցիչ, այլ ոչ թե հիմնական ցուցանիշը գնահատելիս։
Ավելի բարձր դեղաչափ ստացած մասնակիցների շրջանում բուժումից մեկ և ութ շաբաթ անց գրանցվել է նաև դեպրեսիայի ընդհանուր ծանրության ավելի արտահայտված նվազում։
Ըստ Կոլորադոյի համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ Էնդրյու Նովիկի՝ դեպրեսիան տարբեր կերպ է դրսևորվում, և առանձին ախտանիշները կարող են տարբեր կերպ արձագանքել բուժմանը։ Անհեդոնիայի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե հիվանդության հատկապես որ դրսևորումները կարող են ենթարկվել հոգեակտիվ դեղամիջոցների կիրառմամբ բուժմանը։
Հետազոտողներն ընդգծում են, որ աշխատանքը նախնական բնույթ է կրում։ Դրան մասնակցել է ընդամենը 20 մարդ, ուստի անհրաժեշտ են ավելի լայնածավալ փորձարկումներ, որոնք կօգնեն հաստատել արդյունքները, գնահատել ազդեցության տևողությունը և որոշել պսիլոցիբինի տեղը բուժման նկատմամբ կայուն դեպրեսիայի ապաքինման մեջ։









