Foto

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

Նոյեմբերի 17-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման և համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման հարցեր։

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը կարևորել են տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման նախաձեռնությունների իրականացումը՝ որպես տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման կարևոր գործոն:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկ փոխկապակցվածության, դիմակայունության ամրապնդման ուղղություններով քաղաքական հանձնառությունները կոնկրետ ծրագրերի և ներդրումների վերածելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից հայկական արտադրանքի համար ինքնավար միջոցների տրամադրումը, որոնց պրակտիկ կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներն արդյունք են տալիս՝ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեսքով:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում մոտեցումները: