Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին նոյեմբերի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ճգնաժամը կարգավորելու միջնորդական ջանքերը շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած սրացումից, որը կարող է բացասաբար ազդել միջնորդական ջանքերի վրա։
Միջնորդական ջանքերի շրջանակներում այսօր հանդիպում կանցկացվի իրանական կողմի հետ ներկայիս առաջարկների շուրջ մտքերի փոխանակման նպատակով», – ասել է նա։
Ալ-Անսարին հավելել է, որ հանդիպման նպատակն է մերձեցնել կողմերի դիրքորոշումները։
Կատարը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական միջնորդ՝ նպատակ ունենալով թուլացնել տարածաշրջանային լարվածությունը և հասնել հակամարտության դադարեցման համաձայնագրի։ Այս գործընթացում Դոհային աջակցում են նաև տարածաշրջանային այլ գործընկերներ, մասնավորապես՝ Պակիստանը։









