Foto

ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առևտրի շուրջ 35%-ը բաժին է ընկնում ՇՀԿ երկրներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներին բաժին է ընկնում ԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առևտրի շուրջ 35%-ը:

Նա մասնակցել է ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը նվիրված ՇՀԿ միջոցառումներին, այդ թվում՝ Յանլինի բարձր տեխնոլոգիաների նվաճումների ցուցահանդեսին և ոլորտային կլոր սեղաններին։

Հանդիպումների ընթացքում մասնակիցները մտքեր, փորձ և լավագույն գործելակերպեր են փոխանակել գյուղատնտեսության և կայուն գյուղատնտեսական զարգացման ոլորտներում։

Ընդգծվել է նոր գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման և թվայնացման, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային պարենային անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։

Նաիրա Կարապետյանը խորհրդակցություններ է անցկացրել նաև ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տ. Ռ. Միդհունի և կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։

Քննարկվել են գյուղատնտեսության և պարենային ապահովվածության ոլորտներում ԵՏՀ-ի և ՇՀԿ-ի միջև երկխոսության զարգացման հեռանկարները։