Մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ ստանձնում համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Այս մասին գրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը:
«Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ղեկավարել այն համալսարանը, որի շրջանավարտն եմ նաև ես։ Այստեղ են ձևավորվել իմ մասնագիտական ուղու հիմքերը, և այսօր հարազատ կրթօջախ վերադառնալը՝ արդեն որպես ռեկտոր, ոչ միայն մեծ պատիվ է, այլև պարտավորեցնող առաքելություն։
Իմ առաջնահերթություններից են լինելու կրթության որակի շարունակական բարձրացումը և ժամանակակից պահանջներին համարժեք կրթության ապահովումը։ Համալսարանի կրթական ծրագրերը պետք է համահունչ լինեն հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, արձագանքեն կրթական համակարգի նոր պահանջներին և նպաստեն ոլորտի առաջընթացին։
Կարևոր եմ համարում աշխատակիցների համար մասնագիտական գործունեության ավելի հետաքրքիր, ստեղծագործական և առաջանցիկ հնարավորությունների ստեղծումը։
Համալսարանը պետք է լինի միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն կունենա զարգացնելու իր կարողությունները, հանդես գալու նոր նախաձեռնություններով և իր ներդրումն ունենալու համալսարանի զարգացման գործում։
Մեր ուսանողներին պետք է ապահովենք ոչ միայն բարձրորակ կրթություն ստանալու, այլև աշխատաշուկայում պահանջված գործնական կարողություններ ու հմտություններ ձևավորելու հնարավորություններով։ Նրանք պետք է պատրաստ լինեն ինքնուրույն որոշումներ կայացնելու, նորարարական մտածողություն դրսևորելու և մասնագիտական մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու։
Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու հետազոտական գործունեության զարգացմանը, կրթության և հետազոտության փոխկապակցմանը, ինչպես նաև ազգային ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Մեր նպատակն է համալսարանը նորովի դիրքավորել որպես կրթական նորարարությունների, գիտական մտքի և մասնագիտական զարգացման առաջատար կենտրոն։
Որպես այս համալսարանի շրջանավարտ՝ ես խորապես գիտակցում եմ նրա պատմության, ավանդույթների և արժեքների նշանակությունը։ Միաժամանակ համոզված եմ, որ այդ ամուր հիմքի վրա մենք կարող ենք կառուցել ժամանակակից, բաց, հետազոտահեն և մրցունակ համալսարան»,- գրել է Սվաջյանը։









