«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
Եվրոպայում սկիզբ առած շարժումը, որը նոր սերնդի ընդվզումն է ընդդեմ տնտեսական հարստահարման ժամանակակից մոդելի, բոլորովին նոր փուլ է բերելու։ Փոփոխությունները ստանալու են պահանջների և օրակարգերի տեսք և ձեռք են բերելու դրանք սպասարկող միավորներ՝ Եվրոպայում և այլուր։
Հայաստանում բոլոր կարևոր պրոցեսներն իրարից անկախ են գնում։ Մի տեղ ՏԻՄ ընտրություններ են, մի ուրիշ տեղ ԹՐԻՓՓ են քննարկում, այլ տեղ՝ ԵԱՏՄ-ից են դուրս գալիս, ուրիշ տեղ՝ ԵՄ են մտնում, մի տեղ մարդիկ են կալանավորվում, ուրիշ տեղ՝ COP-17 են անցկացնում, մի տեղ՝ եկեղեցի են պաշտպանում, ուրիշ տեղ՝ սահմանադրություն փոխում։ Մեր երկրի կյանքը, մեր պետությունը կորցնում է ընդհանուր տրամաբանությունը։
Հանրային կյանքի որևէ 2-3 թեմա ամբողջության մեջ չի ընկալվում։ Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, սա է լինում։ Բայց սա էլ անցումային վիճակ է։ Մարդիկ, հանրության ամբողջական շերտեր, սոցիալական խավեր չեն տեսնում իրադարձությունների և պրոցեսների միջև եղած կապերը։ Նման պետություններ այս պահին էլի կան, մենք միակը չենք։ Բայց դա ոչ մի լավատեսություն չի ներշնչում, քանի որ դրանք լավ օրինակներ չեն։ Քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքացիական կարծիք չունենք։ Բա ի՞նչ ունենք։
Ունենք հանրային ներքին մեծ, ահռելի ագրեսիա։ Ունենք անտարբերության և ատոմիզացիայի մեծ միտում։ Ունենք հասարակության կորստի իրական վտանգ, և ունենք այսպես կոչված «ազգի հայրերի»՝ հեղինակավոր խոսքի, համերաշխության և միասնականության գաղափարների կրող ծանրակշիռ անհատների ակնհայտ դեֆիցիտ։ Այս ամենը հանգեցնելու է հասարակության՝ սեփական պետությունից տոտալ օտարացմանը, որն իր հերթին տանելու է տարբեր աստիճանի աղետների։ Ագրեսիայի հետևանքներն ամեն օր տեսնում ենք կյանքի տարբեր շերտերում՝ կենցաղային խոշոր ռազբորկաներից մինչև ողբերգական վթարներ։ Համակեցության կանոններն անցյալում են, Հայաստանն ագրեսիվ քաոսի փուլում է, որը քողարկվում է միջոցառումների շքերթով։
Ինչ անել
Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է։ Դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը։ Նվազեցնել ագրեսիա ծնող և սնող խոսույթը, գործողությունները, քայլերը։ Նվազեցնել հանրային ատոմիզացիան՝ ընդհանուր, միասնական օրակարգերի ձևակերպմամբ, քաղաքացիական վարքով։ Ներքին կյանքի դետոքսիկացիա։ Այս պայմաններում, այս մթնոլորտում որևէ լուրջ հարց քննարկել հնարավոր չէ, որևէ ճիշտ լուծում գտնել հնարավոր չէ։ Իսկ երկրում տոքսիկ մթնոլորտից դուրս գալու առաջին, ծանրակշիռ քայլը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Նրանք 600-700 հազար ընտրողների ներկայացուցիչներն են»։









