Foto

Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում

Մինսկում տեղի է ունեցել «Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ճգնաժամային (արտակարգ) իրավիճակների տեղայնացման միջոցառումների ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը» խորագրով համաժողովը։

Միջազգային համաժողովին մասնակցել են ՀԱՊԿ քարտուղարության, Միացյալ շտաբի և անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները։

Լիագումար նիստի մեկնարկից առաջ մասնակիցները ծաղիկներ են դրել Կենտրոնական սպայական տան մոտ գտնվող ազատագրող զինվորների հուշարձանին։

Բելառուսի պաշտպանության նախարարության գաղափարական աշխատանքի գլխավոր վարչության պետի տեղակալ, տեղեկատվության վարչության պետ, գնդապետ Ալեքսեյ Տիցկին իր ողջույնի խոսքում նշել է, որ միջազգային հակասությունների սրման պայմաններում տեղեկատվական գործունեությունը կարևոր նշանակություն է ձեռք բերում։

Նա նաև անդրադարձել է ռազմական հակամարտությունների գոտիներում աշխատելու համար լրագրողների մասնագիտական պատրաստվածության խնդրին և ներկայացրել Բելառուսի պաշտպանության նախարարության փորձը։

«Մենք արդեն վեցերորդ տարին է՝ անցկացնում ենք «Военкор» մարտավարական-հատուկ զորավարժությունը՝ հայրենական լրագրողներին ծայրահեղ պայմաններում աշխատել սովորեցնելու նպատակով։ Մենք ուսումնասիրել ենք լրագրողների պատրաստման ուղղությամբ օտարերկրյա երկրների փորձը, հաշվի ենք առել մեր հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից Բելառուսի դեմ կիրառվող տեղեկատվական պատերազմի մեթոդներն ու միջոցները»,– ասել է գնդապետ Ալեքսեյ Տիցկին։