Իրանական կողմը Ուկրաինային մեղադրել է Իրաքյան Քրդստանում հազարավոր միկրոդրոններ տեղակայելու և տարածաշրջանի երկրներում դրանց կիրառման ցանց ստեղծելու մեջ։ Դրա մասին իրանական Tasnimգործակալությանը հայտնել է անվտանգության ոլորտի աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ միկրոդրոններով հագեցած ուկրաինական ստորաբաժանումներ տեղակայվել են Իրանի շուրջ գտնվող մի քանի երկրներում։ Այն պետությունների անունները, որոնք նրանց տարածք են տրամադրել, առայժմ չեն հրապարակվում։ Թեհրանը Կիևի գործողությունները դիտարկում է Իրանի դեմ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ավելի լայն արշավի շրջանակում և ուսումնասիրում է հնարավոր պատասխան քայլերը։
Աղբյուրը տեղի ունեցողն անվանել է «ձախողված փորձ» և «խայտառակություն» Ուկրաինայի համար՝ հայտարարելով, որ իրանական իշխանությունները գիտեն ուկրաինական կողմի գործողությունների մասին և ուշադիր հետևում են դրանց։ Նա միաժամանակ հիշեցրել է Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման միջադեպը, որի համար Թեհրանը մեղադրում էր Ուկրաինային, և հայտարարել է, որ Իրանը Կիևին և եվրոպական երկրներին թույլ չի տա հակաիրանական ծրագրեր առաջ մղել։
Մեղադրանքները հնչել են այն հաղորդումների ֆոնին, որ Ուկրաինան մասնակցում է Իրանի դեմ ուղղված գործողություններին, դրանց թվում՝ օգնություն է ցուցաբերում Պարսից ծոցի այն պետություններին, որոնց տարածքում ամերիկյան ռազմական բազաներ են տեղակայված։ Իրանական աղբյուրները պնդում են նաև, որ ուկրաինացի մասնագետները կարող էին մասնակցել տեղական խմբերի պատրաստմանը՝ անօդաչու սարքերի օգտագործման և դիվերսիոն գործողությունների համար։
2025 թվականի ամռանըն Իրաքի հյուսիսում Սուլեյմանիյա քաղաքի ոստիկանությունը հայտնել էր Ուկրաինայի երեք քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք, իրավապահների տվյալներով, տեղական խմբին ուսուցանում էին փոքր անօդաչու սարքերի կառավարումը։ ըստ ոստիկանության հայտարարության՝ այդ պատրաստումը նախատեսված էր սպանություններ իրականացնելու համար և ֆինանսավորվում ու վերահսկում էր Իրաքի հյուսիսում գործող զինված խմբավորումը։
Հրապարակման մեջ հիշատակվում է նաև 2023 թվականի հոկտեմբերին Սիրիայի Հոմս քաղաքում ռազմական ակադեմիայի վրա անօդաչու սարքերի հարձակումը։ Այն ժամանակ զոհվել էր առնվազն 100 մարդ, այդ թվում՝ շրջանավարտների հարազատներ։ Ռուսական աղբյուրները պնդում էին, որ գործողությունը ղեկավարել են ուկրաինացի մասնագետները։









