Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան չի թույլատրում ռազմական գործողություններ իրականացնել իր տարածքում կամ իր օդային տարածքում՝ առանց լեհական իշխանությունների պաշտոնական համաձայնության, հայտնում է PAPգործակալությունը։
Հայտարարությունը հնչել է ուկրաինական անօդաչուի հետ կապված միջադեպից հետո, որը, լիտվական կողմի տվյալներով, Լեհաստանի տարածքից մտել էր Լիտվա և պայթել երկրի հյուսիսում։
«Ուզում եմ ընդգծել. Լեհաստանը չի թույլատրում իր տարածքում կամ մեր տարածքի վրայով գործողություններ իրականացնել առանց լեհական պետության հստակ համաձայնության։ Եվ դա չի փոխվի՝ անկախ նրանից, թե ով է իրականացնում նման գործողությունները»,- կառավարության նիստից առաջ հայտարարել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետը հայտնել է, որ միջադեպը կքննարկի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ երեքշաբթի նախատեսված հանդիպման ընթացքում։ Ըստ նրա՝ Լեհաստանը սերտորեն կհամագործակցի Լիտվայի հետ՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար և ակնկալում է Ուկրաինայի կողմից լիարժեք աջակցություն։
«Առանց զգացմունքների, առանց որևէ վատ մտադրության, բայց ես շատ հաստատակամորեն կպահանջեմ լիարժեք բացատրություններ»,- ասել է Տուսկը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը, երբ ուկրաինական զինված ուժերն անօդաչուներով հարվածներ էին հասցնում Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի օբյեկտներին։ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Լենինգրադի մարզի վրա 144 անօդաչու խոցելու մասին։ Խոցված կամ վնասված օբյեկտների թվում նշվել են նավթային տերմինալը, VK սոցիալական ցանցի տվյալների կենտրոնը և Ozon առևտրային ցանցի լոգիստիկ օբյեկտը։
Միևնույն ժամանակ Լիտվայում և Լատվիայում օդային տագնապ էր հայտարարվել։ Լիտվայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի հյուսիսում հայտնաբերվել էին լիտվական օդային տարածքը խախտած անօդաչուի բեկորներ։ Պայթյունից հետո վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա, տուժածներ չեն եղել։
Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը հայտարարել է, որ Ուկրաինան հաստատել է գործողության ընթացքում իր անօդաչուներից մեկի հետ կապի կորուստը։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Լիտվայի հյուսիսում՝ Պակրուոյսի շրջանում, պայթած սարքը ուկրաինական FPV-դրոն էր՝ պայթուցիկ լիցքով, և այն երկիր էր մտել Լեհաստանի կողմից։
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը նույնպես հաստատել է, որ խոսքը ուկրաինական անօդաչուի մասին է, և հայտարարել է, որ կապի մեջ է լիտվացի գործընկերոջ հետ։
Մինչդեռ Սինկյավիչյուսը հայտնել է, որ Լիտվան մտադիր է ՆԱՏՕ-ի հետ սկսել խորհրդակցություններ՝ ընթացակարգերը փոխելու շուրջ, որպեսզի հնարավոր լինի երկրի օդային տարածքը խախտող օբյեկտները խոցել դեռևս մինչև դրանց տեսողական նույնականացումը։









