Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում անկայունություն հրահրելու Իսրայելի փորձերի մասին և հայտարարել, որ Անկարան թույլ չի տա երկիրը ներքաշել տարածաշրջանային հակամարտությունների մեջ։ Ըստ նրա՝ Թուրքիային հաջողվել է խուսափել հարևան պետություններում մոլեգնող ճգնաժամերի հետևանքներից, և մտադիր է շարունակել աջակցել ճնշված ժողովուրդներին՝ անկախ նրանց դավանանքից։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շրջապատված է «կրակե օղակով»։
«Մենք օր ու գիշեր աշխատում ենք, որպեսզի Թուրքիան զերծ պահենք տարածաշրջանի ցնցումներից»,- ասել է նախագահը՝ հիշատակելով Սաուդյան Արաբիայի վրա Եմենի հութիների հարձակումները, որոնց հետևանքով այս ամսվա սկզբին Էր Ռիադի օդանավակայանում ավելի քան տասը մարդ էր զոհվել։
Նա միաժամանակ նախազգուշացրել է «սիոնիստական Իսրայելի գործողությունների մասին, որն անում է հնարավոր ամեն բան՝ Սիրիայում թշնամանք բորբոքելու համար»։
Էրդողանն ափսոսանք է հայտնել, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Պաղեստինին՝ չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնություններին։
«Մենք գտնվում ենք մեծ պայքարի կենտրոնում»,- ընդգծել է Էրդողանը՝ զգուշացնելով նաև նրանց գործողություններից, ովքեր ձգտում են տարածաշրջանը մասնատել։
«Մեր տարածաշրջանում մոլեգնում է ճգնաժամերի փոթորիկ, որը գնալով ավելի է ուժեղանում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, որն ընթանում է մեզնից հյուսիս, մի քանի ամիս անց կթևակոխի հինգերորդ տարին։ Իսրայելը շարունակում է անդադար հարձակվել Պաղեստինի վրա՝ չնայած ստորագրված համաձայնագրերին։ Դեռևս չէր հասցրել ամբողջությամբ մարել լարվածությունը հարևան Իրանում, երբ Եմենում բռնկվեց նոր հակամարտություն»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա գնահատմամբ՝ հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա, որը նա անվանել է բարեկամ և եղբայրական երկիր, ավելի են սրել իրավիճակը տարածաշրջանում։
«Ցավոք, Լիբանանում իրավիճակը ևս հեռու է հուսադրող լինելուց։ Սիրիայից մենք լավ լուրեր ենք ստանում, սակայն սիոնիստական Իսրայելն անում է հնարավոր ամեն ինչ՝ այնտեղ պառակտում սերմանելու համար»,- հայտարարել է թուրք առաջնորդը։
Էրդողանը հայտարարել է նաև, որ երկրի հակառակորդները կարող են գործել ոչ միայն դրսից, այլև Թուրքիայի ներսում տարբեր խմբերի և կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև արտասահմանյան լոբբիստական կառույցների և զանգվածային լրատվամիջոցների միջոցով։









