Foto

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը ճանաչեց հանրային գերակա շահ

Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ դրանք պետությանը օտարելու նպատակով։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար, պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն», - նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։

Որոշման նախագծի համաձայն՝ օտարման գործընթացի ավարտի վերջնաժամկետը 2027 թվականի հոկտեմբերի 1-ն է։

Օտարման ենթակա են ՀԷՑ-ի 246 հազար 423 բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ է։ Դրանցից 172 հազար 496-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մոտ 70 տոկոսը, իսկ 73 հազար 927-ը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդին»՝ մոտ 30 տոկոսը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական առումով ՀԷՑ-ը ապօրինի գույքի վերադարձի անբաժան մասն է։

«Ժողովրդից տարվածը վերադարձվում է ժողովրդին»,- ասաց նա։