Ցուցահանդեսում ներկայացված են Երևանի Մատենադարանի հավաքածուից ընտրված 38 հրատարակություններ, որոնք արտացոլում են հունական գրականության՝ հայերեն թարգմանության հարուստ ավանդույթն ու ընդգրկունությունը։
Միջոցառումը նվիրված է նաև Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Թարգմանիչների տոնին՝ արժևորելով նրանց ներդրումը հայոց այբուբենի ստեղծման, Աստվածաշնչի թարգմանության, ինչպես նաև հայերենով կարևոր երկերի ստեղծման և թարգմանության հարուստ ավանդույթի ձևավորման գործում
Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի Բենակիի թանգարանի համագործակցության արդյունքում ցուցահանդեսի բացման առթիվ ներկայացվել է 1787 թվականին Վանքի գյուղում՝ Ակնի շրջանում, ստեղծված հայ հոռոմների՝ ուղղափառ հայերի, բացառիկ ձեռագիր Ավետարանը։ Ձեռագիրը, որն արտացոլում է հայկական եկեղեցական և բյուզանդական ավանդույթների փոխազդեցությունը, հայերի և հույների միջև պատմական ու մշակութային կապերի արժեքավոր վկայություն է։ Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Լասկարիդիսի հիմնադրամում պահվող հայերեն ձեռագիր մատյանը։
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը իր ելույթում ընդգծել է հունական գրականության նշանակությունը Հայաստանի հոգևոր և կրթական ավանդույթի համար, ինչպես նաև թարգմանիչների առանցքային դերը մշակույթների միջև դարավոր հաղորդակցության ապահովման գործում։ Այդ համատեքստում դեսպանն անդրադարձել է նաև ակադեմիկոսներ Սիմոն Կրկյաշարյանի և Հրաչ Բարթիկյանի գիտական ու թարգմանական հարուստ ժառանգությանը, ինչպես նաև հայ և հույն գիտնականների ու թարգմանիչների ներդրմանը երկու ժողովուրդների ընդհանուր հոգևոր ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։ Նա կարևորել է թարգմանության դերը՝ որպես լեզուների և մշակույթների միջև հաղորդակցության կամուրջ՝ ընդգծելով, որ ընդհանուր մշակութային ժառանգությունը հայ-հունական հարաբերությունների կարևոր հիմքերից է։
Դեսպան Մկրտչյանը անդրադարձել է նաև հունական քաղաքական, հասարակական և փիլիսոփայական մտքի ազդեցությանը եվրոպական Լուսավորության, ֆրանսիական և ամերիկյան հեղափոխությունների, ինչպես նաև 19-րդ դարի անկախության շարժումների, այդ թվում՝ Հունաստանի անկախության պայքարի վրա։ Նա ընդգծել է, որ այդ գաղափարները հետագայում ներշնչանքի աղբյուր են դարձել նաև 19-րդ և 20-րդ դարերի ազգային անկախության շարժումների, այդ թվում՝ Հայաստանի անկախության շարժման համար։
Բացման խոսքով հանդես է եկել Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Մազարակիսը, որն ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունը՝ հաշվի առնելով հիմնադրամի գրադարանի նշանակալի տեղը Հունաստանի հնատիպ գրքերի հավաքածուների շարքում։ Նա անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի գիտական ու մշակութային կապերին՝ բարձր գնահատելով Հունաստանում նման ձևաչափով ցուցահանդեսի առաջին անգամ կազմակերպումը։
Ելույթներով հանդես են եկել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ, թարգմանիչներ Արամ Թոփչյանը և Գոհար Մուրադյանը, որոնք ներկայացրել են հին հունարենից հայերեն իրենց թարգմանական աշխատանքները, այդ թվում՝ Հոմերոսի, Եվրիպիդեսի, Սոֆոկլեսի, Արիստոֆանեսի, Արիստոտելի և այլ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները։ Իր խոսքում սալոնիկաբնակ թարգմանչուհի Շամրիկ Խաչատրյանը ներկայացրել է ժամանակակից հունական գրականությունից հայերեն իր թարգմանությունները, որոնց թվում են նաև Նիկոս Կազանձակիսի ստեղծագործությունները։
Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը։









