Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Սա մեզ համար մեծ ճանապարհային քարտեզ է Եվրամիության ներսում՝ նախապատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու համար, որ մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մեր պարտավորությունները»,- ասել է Կոսը։
Նրա խոսքով՝ այս մոտեցումը վերաբերում է նաև Հայաստանին, որը ներառված է որպես ընդլայնման և Արևելյան գործընկերության հարցերով եվրահանձնակատար իր պատասխանատվության շրջանակում։
«Եվ մենք նաև կատարում ենք Հայաստանի նկատմամբ մեր պարտավորությունները»,- նշել է Կոսը։
Եվրահանձնակատարը նշել է, որ Հայաստանը «իրապես շարժվում է դեպի Եվրամիություն»՝ որպես օրինակ ներկայացնելով վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։
Կոսը նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծման սահմանափակումների ֆոնին Հայաստանի տնտեսությանը ԵՄ աջակցությանն ու նշել, որ ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի աջակցությամբ ընդունվել են ինքնավար առևտրային միջոցներ։ Դրանց շնորհիվ Հայաստանը կարող է իր արտադրանքի շուրջ 80%-ը ԵՄ շուկա արտահանել առանց մաքսատուրքերի։
Կոսը նշել է նաև, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար գործում է աջակցության առանձին փաթեթ։









