Foto

Կասպից ծովում զինծառայողների մահից հետո ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը

Ղազախստանում ձերբակալվել և ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել երկրի ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, առաջին կարգի կապիտան Կանատ Նիյազբեկովը։ Դատարանը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվան գործով։

Ղազախստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Նիյազբեկովը ձերբակալվել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի կասկածանքով։

Նիյազբեկովը ՌԾՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 3-ին։ Նրա հետ պաշտոններից ազատվել էին նաև Ղազախստանի պաշտպանության նախարարի երկու տեղակալներ։

Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Կասպից ծովում ուսումնական-մարտական առաջադրանք կատարելիս։ Եղանակային պայմանների վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով բաց ծովում հայտնվել էր 17 զինծառայող։ Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել էին հաջորդ օրը։ Երեք զինծառայողի հաջողվել էր փրկել, իսկ 14-ը զոհվել էին։

Դեպքից հետո Նիյազբեկովը հայտարարել էր, որ ողբերգության պատճառը եղել են «եղանակային պայմաններն ու ալիքների ուժգնացումը»։ Երբ նրան հարցրել էին՝ արդյոք նման զորավարժություններ անցկացնելիս հաշվի են առնվում եղանակային պայմանները, նա պատասխանել էր. «Ընդհանուր առմամբ՝ հաշվի են առնվում»։

Զինծառայողների փրկաբաճկոններով ապահովված լինելու վերաբերյալ հարցին նախկին հրամանատարը պատասխանել էր. «Պետք է լինեն։ Հիմա մենք դա պարզում ենք»։

Ղազախստանի գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 25-ին հայտնել էր հետաքննության առաջին արդյունքների մասին։ Քննությամբ բացահայտվել էին պաշտոնատար անձինք, որոնց նկատմամբ կասկածներ էին առաջացել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի վերաբերյալ։ Նույն օրը ձերբակալվել էին մի քանի բարձրաստիճան զինվորականներ, իսկ քննությունը չէր բացառել նոր ձերբակալությունները։

Կանատ Նիյազբեկովը 2025 թվականի օգոստոսին էր նշանակվել Ղազախստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար։ Մինչ այդ նա զբաղեցրել էր ՌԾՈւ գլխավոր շտաբի պետի՝ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։

Նիյազբեկովը ռազմական կրթություն է ստացել Ալմաթիի Բաուրժան Մոմիշուլիի անվան հանրապետական ռազմական դպրոցում, Կալինինգրադի բարձրագույն ռազմածովային ուսումնարանում և Սանկտ Պետերբուրգի Ն․Գ․ Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայում։

Նա նախկինում հրապարակային ելույթներում անդրադարձել էր նաև զինծառայողների պատրաստությանը և արտակարգ իրավիճակներում գործողություններին։ Նրա խոսքով՝ ռազմածովային ուժերի ուսումնական կենտրոնում զինծառայողները ստանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պատրաստություն, այդ թվում՝ նավի կենսունակության պահպանմանն ուղղված վարժանքներ։

«Մարտական պատրաստությունն ի սկզբանե ձևավորվում է ցամաքում», – ավելի վաղ նշել էր Նիյազբեկովը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ հմտությունները զինծառայողները հետագայում կատարելագործում էին անմիջապես նավերի վրա և ծովային զորավարժությունների ընթացքում։

Դեպքի հանգամանքների վերաբերյալ քննությունը շարունակվում է։ Իրավապահները պարզում են ողբերգության պատճառներն ու պաշտոնատար անձանց պատասխանատվության աստիճանը։