Foto

Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել իրենց զինծառայողի կորչելու և Հայաստանի տարածքում հայտնվելու կապակցությամբ։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, թե Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Նա Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին։ Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կնոջ վիճակը միջին ծանրության է։ Ավելի ուշ հայտնի դարձավ՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է, թե հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մուսաևն ինքնակամ է լքել զորամասը։ Հավաքված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

Հաստատել են, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալվել է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։

«Ադրբեջանական պետական կառույցները կապ են պահպանում հայկական կողմի հետ՝ Հայաստանում նրա գտնվելու և ձերբակալման հանգամանքները, ինչպես նաև միջադեպի այլ մանրամասներ պարզելու նպատակով», – ասվում է այդ երկրի դատախազության հաղորդագրության մեջ։