«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց բամբասանքների այդ կույտը հրապարակելուց հետո, ինչպես հայտնի է, հաջորդ քայլն ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ստեղծումն է։
Սակայն իշխանականները տարակուսած են՝ ինչ են քննելու, երբ որեւէ մեղադրանքի հիմքում որեւէ փաստ, ապացույց ներկայացված չէ, իսկ մամուլի հրապարակումներ` նույնիսկ շատ ավելի վատ բովանդակությամբ, բոլորի մասին կան:
Դիցուք` Նիկոլ Փաշինյանի մասին արդեն 6 տարի է՝ գրում են, որ դավաճանել է Հայաստանին, Արցախը հանձնել, թուրքերի շպիոնն է եւ այլն, ուրեմն նման մի զեկույց էլ իր մասին պիտի ներկայացվի: Իսկ զեկույցի առանցքը՝ կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ, հիմնված է մամուլի հրապարակումների վրա: Բայց երբ յուրաքանչյուր երկրորդ ՔՊ-ական ԶԱԳՍ-ում եւ եկեղեցում տված ուխտն է խախտում, դրա մասին խոսելն ուղղակի անբարոյականություն է»։









