Foto

ԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Լուսինե Բագրատունին մասնակցել է «Թվային տեխնոլոգիաներ և փող․ տեխնոլոգիաներ, ակտիվներ, ֆինանսներ» խորագրով միջազգային ոլորտային համաժողովին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են թվային փոխակերպման պայմաններում գնահատման գործունեության զարգացման հարցերը, այդ թվում՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, մեծ տվյալների ու ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև թվային, մտավոր և ֆինանսական ակտիվների գնահատմանը։

Լուսինե Բագրատունու խոսքով՝ ԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կընդլայնի անդամ պետությունների գնահատողների՝ Միության մյուս երկրների շուկաներում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Նրա խոսքով՝ նախատեսվում է փոխադարձ ճանաչել ազգային որակավորման վկայականներն ու թույլտվությունները, իսկ մեկ այլ անդամ պետությունում ծառայություններ մատուցելու համար այնտեղ առանձին իրավաբանական անձ ստեղծելու անհրաժեշտություն չի լինի։

«Սա նոր հնարավորություններ է ստեղծում մասնագիտական հանրության համար և եվրասիական տնտեսական ինտեգրման ևս մեկ գործնական արդյունք է»,– նշել է ԵՏՀ ներկայացուցիչը։