Ուկրաինան առաջիկայում կստանա գրեթե 3 միլիարդ եվրո՝ ԵՄ խորհրդի կողմից Ուկրաինայի աջակցության հիմնադրամի (Ukraine Facility) ութերորդ տրանշի հաստատումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհուրդը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս գումարից գրեթե 800 միլիոն եվրոն առաջին անգամ կտրամադրվի Ուկրաինային աջակցության վարկի միջոցով։«Այսօր հաստատված տրանշը ցույց է տալիս Ուկրաինայի կողմից տասը նպատակային միջոցառումների հաջող իրականացումը։ Մինչ օրս Ուկրաինան իրականացրել է ծրագրով նախատեսված 95 նպատակային միջոցառումներից 84-ը, ինչը կազմում է ներկայում նախատեսված միջոցառումների մոտ 88%-ը», – նշել է ԵՄ խորհուրդը։
Բացի այդ, սեպտեմբերի 24-ին ԵՄ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Ուկրաինայի պլանում»՝ ներառելով Նորվեգիայի կողմից մոտ 92 միլիոն եվրոյի չափով անվերադարձ օգնության կամավոր ֆինանսական ներդրումը։Ուկրաինայի աջակցության մեխանիզմը թույլ է տալիս ԵՄ անդամ պետություններին, երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին կատարել կամավոր ներդրումներ։ Շվեդիան արդեն իսկ 2025 թվականի ընթացքում կատարել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 253 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ կամավոր ներդրումներ՝ անվերադարձ օգնության տեսքով։
Հուլիսի 30-ին ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի հիմնադրամի շրջանակներում բարեփոխումների նորացված ծրագրին, որը թույլ կտա Ուկրաինային 2026 թվականին ստանալ 8,3 միլիարդ եվրո՝ բյուջետային կարիքները հոգալու համար:









