Foto

Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ․ Hetq.am

ԵՄ դեսպանները արդեն մեկ շաբաթ է` չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ժամկետները երկարաձգելու շուրջ։ Այս մասին գրել է Հետքը։

«Ֆրանսիան և Սլովակիան պահանջում են, որ պատժամիջոցների ցանկից դուրս բերվի ազգությամբ ուզբեկ, ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը։

Ֆրանսիայի դիրքորոշումը կապված է Ադրբեջանում կալանավորված Ֆրանսիայի երկու քաղաքացիների հետ, որոնցից մեկին Ադրբեջանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով։

Ըստ միջազգային մամուլում հրապարակված տեղեկությունների` Ֆրանսիան և Ադրբեջանը գաղտնի բանակցությունների մեջ են եղել, որը ազդել է Ֆրանսիայի դիրքորոշման վրա։

Պաշտոնական Բաքուն, որը տարբեր առիթներով միացել է Ուսմանովի հանդեպ պատժամիջոցները չեղարկելու կոչերին, օգտագործում է կալանավորված ֆրանսիացիներին՝ Ֆրանսիայի միջոցով Ուսմանովի հանդեպ ԵՄ պատժամիջոցները մեղմացնելու համար։

Ադրբեջանը ամբողջովին հերքում է սա, իսկ Ֆրանսիայի արտգործնախարարությունը մանրամասներ չի հայտնում` նշելով, որ հարցը ազգային անվտանգության տիրույթում է։

ԵՄ պատժամիջոցների փակուղին

ԵՄ կանոնների համաձայն՝ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց թիրախավորող պատժամիջոցները երկարաձգելու համար պահանջում է բոլոր 27 անդամ պետությունների միաձայն համաձայնությունը:

Սլովակիան դեռ ամռան սկզբից պնդում էր Ուսմանովի և մեկ այլ ազդեցիկ ռուսաստանցի օլիգարխի՝ Միխայիլ Ֆրիդմանի անունները ցուցակից հանելու անհրաժեշտության մասին։

Անցած շաբաթ Ֆրանսիան անսպասելիորեն միացավ Սլովակիային՝ վետո դնելով պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու վրա։

Արդյունքում ստեղծված փակուղին ստիպեց ԵՄ դեսպաններին մտնել արտակարգ բանակցությունների փուլ։ Պատժամիջոցների երկարաձգման վերջնաժամկետն ավարտվում է այս շաբաթ, և ԵՄ անդամները պետք է գան համաձայնության մինչ այդ։

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ԵՄ դեսպանները շարունակել են բանակցությունները։

Շրջանառվում է հարցի մի քանի փոխզիջումային լուծում։ Առաջարկվող փոխզիջումներից մեկի համաձայն՝ Ուսմանովը կմնա պատժամիջոցների պաշտոնական ցուցակում, սակայն որոշակի սահմանափակումներ, ինչպիսիք են ԵՄ մուտքի արգելքը և ակտիվների սառեցումը, մասնակիորեն կչեղարկվեն։

Շրջանառվող փոխզիջումային առաջարկը ԵՄ անդամ երկրներին բաժանել է տարբեր ճամբարների։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Իտալիան, ազդանշան են տվել, որ կարող են ընդունել Ֆրանսիայի պահանջը ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ Որոշ երկրներ դեռևս տատանվում են` կասկածի տակ դնելով ԵՄ հավաքական պատժամիջոցները ազգային նպատակներին ծառայեցնելու նպատակահարմարությունը։ Իսկ ամենամեծ երկրների բլոկը վճռականորեն դեմ է ցանկացած զիջման` համարելով, որ Ֆրանսիայի և Սլովակիայի պահանջները կթուլացնեն պատժամիջոցների համակարգի ամբողջականությունը և վտանգավոր նախադեպ կստեղծեն։ Բրյուսելում լարված բանակցությունները այսօր շարունակվել են։ Ակնկալվում է, որ ԵՄ-ն միասնական դիրքորոշում կհայտնի մինչև սեպտեմբերի 22-ը»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։