«Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ, բացի ամսաթվի սիմվոլիզմից, մեկ այլ ուշագրավ դրվագ կա․ մրցանակը նրան է հանձնել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ (Staatsministerin) Սերապ Գյուլերը»,- գրում է Հայկ Մարությանի նախկին մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ շարունակելով.
«Ո՞վ է Սերապ Գյուլերը։ Նա քաղաքական գործիչ է աջ-կենտրոնամետ ՔԴՄ կուսակցությունից, ծնվել է թուրք ներգաղթյալների ընտանիքում։ Իր գրեթե քսանամյա քաղաքական, այդ թվում՝ պատգամավորական կարիերայի ընթացքում տիկին Գյուլերը հաջողացրել է որեւէ դիրքորոշում չարտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ (ո՛չ ժխտողական, ո՛չ էլ դատապարտող), թեպետ նրա ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում գերմանական խորհրդարանը ընդունել է Մեծ Եղեռնը ճանաչող ու դատապարտող բանաձեւ (2016):
Համաձայն Բունդեսթագի մոնիթորինգով զբաղվող Abgeordnetenwatch ռեսուրսի, պատգամավոր Սերապ Գյուլերին երկու անգամ՝ 2021 եւ 2022 թվականներին հարցրել են՝ ինչպես է նա վերաբերվում Հայոց ցեղասպանության ժխտմանը Գերմանիայում, մասնավորապես՝ իր ազգական Բեհադդին Կայայի ժխտողական գործունեությանը։









