Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Արկտիկայի տարածաշրջանի և Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ կարգավորման հույս է հայտնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Դանիան համաձայնության են եկել ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, և որ Դանիան նշել է, որ կցանկանար սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ Գրենլանդիայում։
«Ես բավական լավատես եմ, որ մենք կարող ենք ուղի գտնել, և կարծում եմ՝ մենք արդեն հիմա տեսնում ենք շատ հստակ նշաններ և ազդանշաններ…. Հուսով եմ, որ մենք խաղաղ ուղի կգտնենք, թե ինչպես առաջ շարժվել», – ասել է նա ԵՄ ղեկավարների հետ Ֆինլանդիայում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիան՝ պնդելով, թե Կոպենհագենը չի կարող պաշտպանել այն։









