Foto

ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկու՝ Հայաստան այցի շրջանակներում, կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, «Էնթերփրայզ Արմենիա»-ի և պետական այլ շահագրգիռ կառույցների, ինչպես նաև Լեհաստանի պետական կառույցների և պետքարտուղար Բոսացկուն ուղեկցող գործարար պատվիրակության ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի արտաքին առևտրի ընդլայնումն ու ակտիվացումը, Հայաստանում ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան–Լեհաստան տնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Բացման ելույթով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկին և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Մասնակիցներն ընդգծել են Հայաստան–Լեհաստան տնտեսական կապերի հետագա ակտիվացման և երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի խթանման քաղաքական հանձնառությունը՝ հատկապես ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական կապերի ընդլայնման քաղաքականության համատեքստում։

Միջոցառմանն իր բացման խոսքում ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնավորապես նշել.

«Սա մեր նախարարության կողմից նորացված մանդատի շրջանակներում գործարար համայնքի հետ կազմակերպվող առաջին միջոցառումն է։ Նախկինում մենք գործում էինք որպես Արտաքին գործերի նախարարություն, իսկ այժմ՝ որպես Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, ինչը ենթադրում է մեր գործընկեր երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հետ ներգրավվելու առավել լայն պարտավորություններ, գործառույթներ և, միևնույն ժամանակ, հնարավորություն:

(….)

Եթե դիտարկենք վերջին տարիների առևտրաշրջանառության ցուցանիշները, ապա տեսնում ենք կայուն աճ․ 2025 թվականին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 19 միլիոն եվրո՝ մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 12 միլիոն եվրոյով։

Այս տարի, երբ վերջին ամիսներին Հայաստանը հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում բախվում է տնտեսական որոշակի դժվարությունների, Լեհաստանն առաջին երկրներից էր, որն առաջարկեց իր աջակցությունը, և լեհական շուկան բացվեց հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար։

(….)

Այսօր Լեհաստանից ժամանած պատվիրակության կազմն ինձ վստահություն և լավատեսություն է ներշնչում, որ մենք կունենանք շատ արդյունավետ և արգասաբեր քննարկումներ՝ մեր երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերն առավել ամրապնդելու նպատակով»:

Մասնակիցները նաև կարևորել են Հայաստան-Եվրոպական միության ռազմակավարական օրակարգի առաջմղման արդյունքում առկա հնարավորությունները Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրային, ներդրումային և գործարար համագործակցության հետագա ընդլայնման համար։

Միջոցառումը շարունակվել է B2B ձևաչափով հանդիպումներով, որոնց մասնակցել են հայաստանյան և լեհական շուրջ 40 ընկերություններ՝ ներկայացնելով տարբեր ոլորտներ, այդ թվում՝ բանկային, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, լոգիստիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, շինարարության և ապահովագրության ոլորտները։