Foto

Մոսկվան և Անկարան քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակն ու նավարկության սպառնալիքները

Մոսկվան և Անկարան քննարկել են Կիևի գործողությունների պատճառով Սև ծովում նավարկության սպառնալիքների հարցը։ Այս մասին սեպտեմբերի 8-9-ը Մոսկվայում կայացած ռուս-թուրքական ԱԳՆ խորհրդակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Խորհրդակցությունների ընթացքում Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումից բացի քննարկվել են նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Կենտրոնական Ասիայում փոխգործակցությունը: Այս թեմաների շուրջ բանակցությունների ընթացքում նշվել է ցանկացած արտաքին նախաձեռնության անթույլատրելիությունը, որը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում կստեղծեր նոր բաժանարար գծեր։

Այս համատեքստում կողմերն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ռիթմիկ աշխատանքը շարունակելու շահագրգռվածությունը՝ որպես «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի հիման վրա կայունության և անվտանգության ամրապնդման հեռանկարային մեխանիզմ: