Foto

Ոչ մի աջակցություն չի ամոքի կորսված Հայրենիքի ցավը․ Գալստյանի անդրադարձը արցախցիների խնդիրներին

Օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներին նվիրված քննարկմանը՝ կազմակերպված «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի կողմից։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ընդգծում է.

«Իրականում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների, որոնց մի մասը օրենսդրական կարգավորումների դաշտում են, քիչ չեն նաև կամայական վերաբերմունքին, իրավաբանական աջակցության հասանելիությանը, ինչպես նաև իրավակիրառ բնագավառին վերաբերող խնդիրները։

Խնդրակազմը բավական լայն է և, այդուհանդերձ, հետևողական աշխատանքի արդյունքում դրանց մեծ մասը հնարավոր է լուծել։

Իհարկե, երբե՜ք, երբե՜ք, և ոչ մի սոցիալական և իրավական աջակցություն չի ամոքի կորսված Հայրենիքի ցավը, բայց աշխատելու ենք ՀԿ սեկտորի, իրավական համայնքի և այլ շահագրգիռ կառույցների հետ՝ հնարավորինս լուծելու խնդիրները։

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը պատրաստակամ է քննարկելու խնդիրները, գտնել իրավական բացերն ու պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքները»: