Foto

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 970-ը

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն օգոստոսի 31-ի երեկոյի դրությամբ հասել է 974-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Նեպալի ոստիկանության վերջին տվյալները։Ըստ Reuters գործակալության՝ փրկարարները նաև կառուցել են ժամանակավոր կամուրջներ և հիդրոէլեկտրակայանների թունելներում ու ստորգետնյա օբյեկտներում արգելափակված մոտ 300 աշխատողի դուրս են բերել։ 600 հոգի դեռ արգելափակված է։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ջրհեղեղի ազդեցության գոտուց շուրջ 11 000 մարդ փրկվել է։

Աղետի պատճառած վնասների վերականգնման համար տրամադրվել է մոտ 42 միլիոն դոլար։Ջրհեղեղը, որը տեղի է ունեցել Չինաստանի հետ սահմանին, Տիբեթում 16 զոհի պատճառ է դարձել, 546 մարդ անհետ կորած է։ Չինաստանի իշխանությունների ներկայացրած այս տվյալներն անփոփոխ են օգոստոսի 30-ից։ Տիբեթում գետի արագ հոսքի պատճառով ճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակ ձախողվում են։

Տարերային աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում։ Նախնական տվյալներով՝ հեղեղման պատճառ է դարձել ձնահյուսը Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։

Ջրի, ցեխի և լեռնային ապարի հուժկու հոսքը գետի հունով վիթխարի արագությամբ անցել է ավելի քան 70 կիլոմետր՝ ավերելով մոտակայքի բնակավայրերը և հանգեցնելով մեծ տարածքի հեղեղման: