ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Անկախության հռչակագրի պաշտպանությունը պետք է լինի բոլոր պետականամետ ու ազգային ուժերի առաջնային խնդիրը։
1990 -ի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է։
Անկախության հռչակագիրն այսօր վտանգված է։
Ռեժիմը բացահայտ խոսում է այն նոր սահմանադրության նախագծից դուրս թողնելու մասին։ Նրանք ՀՀ Անկախության հռչակագիրը համարում են «կոնֆլիկտածին»՝ ջուր լցնելով ադրբեջանական հակահայկական քարոզչության ջրաղացին։
ՀՀ Անկախության հռչակագիրը Հայաստանի ինքնիշխան ու անկախ լինելու մասին է։ Այն Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու մասին է։ Այն մեր պատմական հավաքական հիշողություն ունենալու ու ազգային արժեքներին սատար կանգնելու մասին է։
Անկախության հռչակագիրը ժողովրդավարական պետություն կառուցելու մասին է:
Ինչպես տեսնում ենք, այս արժեքների հետ գործող ռեժիմը կապերը վաղուց խզել է ու հենց այդ պատճառով էլ մերժում է ՀՀ Անկախության հռչակագիրը։ Իսկ մերժել Անկախության հռչակագիրը կնշանակի մերժել ՀՀ անկախությունն ու Հայաստանում հաստատել ադրբեջանական խոսույթով առաջնորդվող ռեժիմ։
Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում ՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը»։









