Foto

Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը (Տեր Թադեն) ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից. Hetq.am

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե) և կնոջ բավարարվել է։ Դատարանը որոշել է նրանց վտարել Թալին քաղաքի բնակարանից և այն վերադարձնել եկեղեցուն։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ) սեփականության իրավունքով պատկանող Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի հասցեում գտնվող բնակարանը փոխանցվել է Արամայիս Թախմազյանին՝ անհատույց բնակվելու համար: Վերջինս բնակարանում բնակվում է կնոջ և երեխաների հետ: Մայր Աթոռը 2026թ. հունվարի 9-ին գրություններ է ուղարկել Արամայիս Թախմազյանին և կնոջը՝ պահանջելով մինչև 2026թ․ հունվարի 25-ն ազատել բնակարանը, սակայն նրանք չեն ազատել։

Մայր Աթոռը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և կնոջը վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, ինչպես նաև՝ նրանց վտարել բնակարանից: 

Արամայիս Թախմազյանը դատական նիստում առարկել է հայցի դեմ։ Նա ընդունել է, որ բնակարանն իրեն տրամադրվել է առանց որևէ փաստաթղթի կամ պայմանագրի։ Նրա խոսքով՝ Թալինի հոգևոր հովիվ նշանակվելուց հետո բնակարանը ստացել է բանավոր պայմանավորվածությամբ, առանց բնակվելու ժամկետ կամ այլ պայման սահմանելու։

Թախմազյանը նշել է, որ Մայր Աթոռին պատկանող բնակարանները նախատեսված չեն միայն հոգևորականների համար և կարող են տրամադրվել նաև այլ կարիքավոր մարդկանց։ Նրա խոսքով՝ Թալինում Մայր Աթոռն ունի երեք բնակարան․ մեկում ինքն է բնակվում, մեկում՝ մեկ այլ հոգևորական, իսկ երրորդում՝ երեխաների հետ բնակվող կարիքավոր կին։ Հայտնել է նաև, որ իրենից առաջ նույն բնակարանում ապրել է ոչ հոգևորական, որը հետո ազատել է այն։

Թախմազյանի խոսքով՝ բնակարանն իրեն տրամադրելիս որևէ պայման չի առաջադրվել, այդ մասին որևէ ժողով կամ որոշում չի եղել, որևէ փաստաթուղթ չի կազմվել։ Նշել է, որ եկեղեցում չկա պահանջ, ըստ որի՝ քահանան պարտադիր պետք է բնակարան ունենա։ Բնակարանով ապահովելու հարցը, ըստ նրա, լուծվում է իրավիճակից կախված։

Միաժամանակ Թախմազյանը դատարանին հայտնել է, որ հնարավոր է՝ իր հոգևոր ծառայության ընթացքում Մայր Աթոռը՝ որպես բնակարանի սեփականատեր պահանջի ազատել այն և տրամադրի մեկ այլ անձի։ Նշել է, որ եթե իր նշանակման պահին բնակարանն ազատ չլիներ, բնակության հարցը ստիպված կլիներ ինքնուրույն լուծել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: