Foto

Գերմանիայում ֆուտբոլային խաղի ժամանակ անկարգությունների հետևանքով 35 ոստիկան է տուժել

Գերմանիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել, տուժել է 35 ոստիկան։ Դեպքը գրանցվել է Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակում Մանհայմի «Վալդհոֆի» և Կայզերսլաուտերնի «Կայզերսլաուտերն» ակումբների միջև հանդիպման ժամանակ։

Մանհայմի ոստիկանության տվյալներով՝ բժշկական օգնության կարիք է ունեցել ընդհանուր առմամբ 85 մարդ, նրանցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից 33-ը դաշնային ոստիկանության, ևս երկուսը՝ Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանության աշխատակիցներ են։

Մոտ 23 հազար 500 հանդիսականների ներկայությամբ անցկացված խաղի ընթացքում երկրպագուները պարբերաբար պիրոտեխնիկա են օգտագործել, իսկ հանդիպման ավարտից հետո իրավիճակը կտրուկ սրվել է։ Ֆուտբոլիստների միջև խաղադաշտում բախումներ են սկսվել, իսկ «Կայզերսլաուտերնի» երկրպագուները պիրոտեխնիկա են նետել «Վալդհոֆի» երկրպագուների ուղղությամբ, որոնք արդյունքում ներխուժել են խաղադաշտ։

Իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար ներգրավվել է նաև հեծյալ ոստիկանություն։ Մի քանի երկրպագու ձերբակալվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել մարմնական վնասվածքներ հասցնելու, վիրավորանքի, գույքը վնասելու, հասարակական կարգը խախտելու, ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու, ինչպես նաև պայթուցիկ նյութերի մասին օրենսդրությունը խախտելու դեպքերով։

Հանդիպման անվտանգությունն ապահովել է շուրջ 1400 իրավապահ։ Մանհայմ և Կայզերսլաուտերն քաղաքները միմյանցից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա են։ «Վալդհոֆի» և «Կայզերսլաուտերնի» միջև հարավարևմտյան դերբին համարվում է գերմանական ֆուտբոլի ամենաթեժ և սկզբունքային դիմակայություններից մեկը։

Video Player