Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Էգեյան ծովին վերաբերող Թուրքիայի առարկություններին, Անկարայի պնդումները որակել է «անհիմն և անընդունելի»։ Ըստ հունական կողմի՝ Թուրքիայի դիրքորոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից և հանդիսանում է վերջինիս «ռևիզիոնիստական» պնդումների հերթական կրկնությունը, որոնք լիովին մերժվում են։
Հունաստանի կողմից ընդունված նոր օրենսդրական կարգավորումները սահմանում են վերականգնվող էներգետիկայի նախագծերի և էներգիայի կուտակման կայանների տեղակայման կանոնները։ Դրանց դեմ նախապես բողոքել էին Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները։
Թուրքական կողմը հայտարարել էր, որ Էգեյան և Միջերկրական ծովերի նման փակ կամ կիսափակ ջրային տարածքներում պետք է զերծ մնալ միակողմանի քայլերից։ Բացի այդ ըստ Անկարայի՝ հունական ծրագիրն ընդգրկում է նաև այնպիսի աշխարհագրական տարածքներ, որոնց ինքնիշխանությունը միջազգային պայմանագրերով չի փոխանցվել Հունաստանին։
Աթենքն էլ ի պատասխան շեշտել է, որ Էգեյան ծովում իր ինքնիշխանության կարգավիճակը լիովին հստակ է, սահմանված է միջազգային պայմանագրերով և քննարկման ենթակա չէ։ Հունաստանը վերահաստատել է, որ կողմնակից է երկխոսությանը և բարիդրացիական հարաբերություններին։ Երկու երկրների միջև վիճելի հարց է համարվում մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու սահմանագծումը։
Աթենքն իր հերթին դժգոհություն է հայտնել Թուրքիայի կողմից Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում 2 առանձին ծովային պարկեր հիմնելու նախագծի վերաբերյալ։









