Foto

Պառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 20-ին զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել Պառավաքար գյուղի 61-ամյա մի բնակչի։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա հաստատել է տեղեկությունը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի 376 փամփուշտ, 12,5 մմ տրամաչափի փամփուշտի 87 գնդակ և «ԱԳՍ» տիպի նռնականետի նռնակ։

61-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն։

Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու մասին օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Պառավաքար գյուղի 32-ամյա բնակչի վերաբերյալ։

Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ավտոտնակում ապօրինի պահվող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ։

32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։