Foto

Մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը, հոգևորականաց դասը, թեմական խորհրդի անդամներն ու էջմիածնասեր հայորդիները որդիական ջերմ սիրով և հոգու անհուն բերկրանքով շնորհավորում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ հոբելյանական տարեդարձի առիթով։

Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասվում է. «Փառք և գոհություն ենք մատուցում առ Բարերարն Աստված, Որի կամոք և Աստվածային նախախնամությամբ Դուք կոչվեցիք ծառայելու Հայոց Սուրբ Եկեղեցում իբրև Լուսավորչի սրբազան Աթոռի ազգընտիր գահակալ։

Եկեղեցու և հայերինքի առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ, սակայն Ձերդ Սրբության անսասան հավատով և հաստատուն հույսով լցված՝ զորանում ենք Տիրոջ այս անխախտ խոստումով, որ Նա տվել է Իր Սուրբ Եկեղեցուն. «Ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի և ում վրա այն ընկնի կճզմի» (Մատթեոս ԻԱ 44)։

Այս խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, որ Քրիստոսի հաստատած վեմին հակառակ կանգնող որևէ ուժ չի կարող հարատևել, իսկ Աստծո կամքն ու ճշմարտությունը չեն կարող խորտակվել։

Այս օրհնյալ առիթով մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն, համբերություն ու անսպառ եռանդ՝ միածնաէջ Սուրբ Էջմիածնի տերունապատվեր առաքելությունը կյանքի կոչելու Ձեր աստվածահաճո, հայրենանվեր և եկեղեցաշեն ծառայությամբ և Ձեր հայրապետական հոգածությամբ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի»։